ԳՐՔԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՇԵՐԸ ԿԱՅԱՑԱՎ

grqi-gisher-2016
 Նոյեմբերի 25-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Գրքի գիշեր․ Արի գրքախառնվենք» միջոցառումը։
 
Մաշտոցի 20 հասցեում գտնվող «Բուկինիստ» գրախանութը մարդաշատ էր։ Մուտքի մոտ տասնյակ ընթերցողներ սպասում էին իրենց հերթին։

Ծննդյան 84-ամյակի առիթով գրախանութն ընթերցասերներին էր նվիրում 30% զեղչ ողջ տեսականու համար։ 19-:00-ից մինչ կեսգիշեր «Բուկինիստ» այցելողները հնարավորություն ունեին գրքախառնվելու՝ փոխանակվելու գրքերով, ձեռք բերելու գրքեր հեղինակային ինքնագրերով, լուսանկարվելու գրքոտ ֆոտոսենյակում։

Կազմակերպիչները համաձայնության էին եկել, որ ջեռուցումը լինի թեյով ու գրքախառնությամբ։ Գրքի հերթում սպասողներին միջոցառման հովանավորներից «Թի Արթ» ընկերությունը թեյ էր հյուրասիրում։

«Տեսնում եմ, որ ավելի շատ ընթերցող կա, քան ես էի կարծում։ Ինձ այդ փաստն ուրախացնում է»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց Սոնա Փամբուխչյանը։

Սոնայի խոսքով՝ գրքասերի համար տոն է ցանկացած օր, երբ նա նոր գիրք է նվեր ստանում կամ գնում։ «Գրքի գիշերը» գնել է Կաֆկայի «Կերպարանափոխություն» և Սարտրի «Սրտխառնուք» գրքերը ռուսերեն թարգմանությամբ։ Չնայած դրանք կան նաև էլեկտրոնային տարբերակով, բայց Սոնան նախընտրում է գրքայինը։

«Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժինն եմ ավարտել։ Ինձ հետաքրքիր են գրքի կազմը, ձևավորումը, իլյուստրացիաները:

Սիրում եմ գրքի հոտը։ Երբ գիրքն ունես, քոնն է, կարող ես էլի ու էլի կարդալ»,- նշեց մեր զրուցակիցը։

Միլան Կունդերայի «Կեցության անտանելի թեթևությունը», Պատրիկ Զյուսքինդի «Օծանելիքը», Ռեյ Բրեդբերիի «Խատուտիկի գինին» և ևս տասը գիրք «Գրքի գիշերը» համալրեցին ապագա միջազգայնագետ Էրիկ Իսրայելյանի գրադարանը:

Ասում է՝ լավ առիթ է սիրելի գրքերն ավելի մատչելի գնով ձեռք բերելու համար: Գնել է ինչպես գեղարվեստական, այնպես էլ մասնագիտական գրականություն:

«Հուշագրություններ շատ եմ կարդում: Իմ ամենասիրելի ժանրն է: Սիմոն Վրացյանի «Կյանքի ուղիներով» հուշագրության առաջին երկու հատորներն ընթերցել էի, կիսատ էր մնացել: Չգիտեի, որ Հայաստանում կա:

Փնտրում էի մեկին, ով Բեյրութ է գնում և կգնի ինձ համար: Հատորներն այնտեղ են տպագրվել: Պատահաբար Բուկինիստում տեսա նոր հրատարակությամբ, որոշեցի գնել»,- մեզ հետ զրույցում պատմեց Էրիկը:

Միջոցառումը շարունակվեց նաև կեսգիշերն անց։ Տոնական զեղչերը տեղափոխվեցին Books.am օնլայն գրախանութ, իսկ ֆեսյբուքյան հարթակում անցկացվեց «Գրքոտ անքնություն» խորագրով գրքախաղ։

«Գրքի գիշեր. Արի գրքախառնվենք» միջոցառումը նախաձեռնել էին «Բուկինիստ» ընկերությունը և «Արևիկ» հրատարակչությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Գրքախառնվելու էր եկել նաև Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Կազմակերպիչները մտադիր են «Գրքի գիշերը» դարձնել ավանդական տոն, որին հաջորդ տարիներին կմիանան նաև այլ գրախանութներ և հրատարակչություններ։

Աննա Կարապետյան

լուսանկարը՝ Բուկինիստի ֆեյսբուքյան էջից