«ԳՐԵԹԵՐԹԻ» ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐԻԶՆ ԵՆ․ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ

gretert-10
Սիրեք այն, եթե կարող եք, եթե ոչ` հոգ չէ, ինքը կսիրի ձեզ, վերջապես` դա էլ էական չէ, գրականությունը վեր է իրար սիրել-չսիրելուց։
Գուրգեն Խանջյանը «Գրեթերթի» մասին

2006 թվականն էր, երբ գրական մամուլում հայտնվեց նոր երիտասարդական ամսաթերթ՝ «Գրեթերթը»։ Այսօր «Գրեթերթը» երիտասարդ բանաստեղծների, արձակագիրների, գրականագետների և ընթերցողների սիրելին է։ «Գրեթերթի» հավատարիմ ընթերցողները գիտեն՝ եթե թերթը լույս է տեսել և դեռ չի հասել կրպակներ, կարող են գնալ Գրողների միություն և թերթը վերցնել  խմբագրությունից։ Այստեղ նրանց սիրով ու հոգատարությամբ սպասում է «Գրեթերթի» հիմնադիր-խմբագիր արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը։

Թերթի տասնամյա հոբելյանի առիթով Cultural.am-ը զրուցել է հիմնադիր-խմբագրի հետ։

«ԳՐԵԹԵՐԹԻ» ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐԻԶՆ ԵՆ
«Գրեթերթով» անցած, «Գրեթերթում» կայացած շատ հեղինակներ մեր ժամանակակից գրականության կորիզն են, երանգապնակը։

Նրանք, ովքեր նոր են սկսում, տաղանդը մեջները երևում է։ Պոետների մի ամբողջ բույլ է եկել։ Փայլուն պոետներ են։ Պոեզիան իրենց ձեռքերի վրա կկարողանան պահել։

Կարծում եմ՝ վաղը գրականությունը հետաքրքիր կլինի, և դրան մեջ «Գրեթերթի» ունեցած դերակատարության համար ես շատ ուրախ կլինեմ։

ՋԱՀԵԼՆԵՐԻ ՀԵՏ ՋԱՀԵԼԱՑԵԼ ԵՄ
Հետաքրքիր բան ասեմ։ Բոլորն այսօր (հոբելյանական միջոցառմանը - հեղ․) ասում էին՝ թերթի հետ մենք էլ տասը տարով մեծացանք, ինձ մոտ լրիվ հակառակ պրոցեսն է՝ տասը տարի հետ եմ գնացել, ջահելների հետ ջահելացել եմ։

«ԳՐԵԹԵՐԹԻ» ԱՊԱԳԱՆ
Ապագայի խնդիրը շատ անորոշ է, որովհետև տպագիր թերթ չեն գնում, դժվար է։  Թերթն այնքան է կատարել իր առաքելությունը, որ ես չեմ տխրի, եթե մի քանի տարի հետո մարի, էլ գոյություն չունենա։

Իհարկե մենք ամեն ինչ կանենք, որ թերթը լինի, բայց նաև արհեստականորեն չենք երկարացնի․այն, ինչ արհեստականորեն է, մեջը սերը պակասում է, իսկականը պակասում է, իսկ մենք սիրո, իսկականի ոգով ենք սկսել։

ԳՐԱԿԱՆ ՀԻՆԳՇԱԲԹԻՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ
Հիշում եմ մեր հանդիպումները հինգշաբթի օրերին, խմբագրությունից դուրս էր գալիս «Գրեթերթի» «պոչը», գնում, հասնում էր միջանցքի ծայրը։

Շատ մարդիկ «Գրեթերթում» ծանոթացան, ամուսնացան, այսօր երեխաներ ունեն։ Օջախ էր, մինչև հիմա էլ մնում  է։ Հիմա օջախ քիչ են գալիս։ Այդպես է, չէ՞, երբ ծնողներից հեռանում են, սկսում են հազվադեպ գալ։

«ԳՐԵԹԵՐԹԻ» ՆՈՐ ՀԵՐԹԱՓՈԽԸ
Արդեն երրորդ հերթափոխն է գալիս։ Ես վախենում էի, որ ինտերնետային ձևը՝ մի քիչ ափալ-թափալությունը, մի քիչ ստատուսային կարճոտությունը մտնի գրականություն։ Կարծում էի՝ բոլորը կսկսեն այդպես գրել։ Շատ էի տխրել դրա համար, որովհետև այդտեղ գրականությունը կորում է, գալիս են հնարամտությունը և նման բաներ։

Չէի ասի, որ գրողներն այդտեղ են։ Լավ կարդացած են, դասականներին էլ են կարդում, նորերին էլ, այսինքն՝ լուրջ են վերաբերվում այդ խնդրին, դա լավ է։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՑՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԸ
Մաքուր արվեստը զարգացում չունի։ Հաստատ այդպես է։ Այն չի զարգանում, ինքն  իր մեջ ապրում է։ Զարգացում ունենում է մշակույթը, քաղաքակրթությունը, իսկ արվեստը զարգացում չունի․ գույն է, տրամադրություն, զգացողություններ են։

Իհարկե, գրականությունը մի փոքր տարբերվում է իսկական արվեստից, դրա համար են միշտ ասում՝ գրականություն և արվեստ, տարբերակում են, որովհետև այստեղ խոսքի ուժը կա։ Գրականությունն էլ իր բարձրագույն դրսևորումներում աշխատում է գնալ դեպի ինքն իր մեջ լինելու, կեցություն ունենալու կերպը։ Այդտեղ է իսկական արվեստը։

 ՀԱՆՈՒՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ
«Գրեթերթը» թույլ գործեր էլ է տպագրել, բայց այդ թույլ գործի մեջ անպայման տեսել ենք ինչ-որ կայծ ու մտածել՝ այս անգամ տպագրում ենք, հնարավոր է  հաջորդ քայլն ավելի հաջող լինի։ Միշտ գնացել ենք այդ ռիսկին հանուն գրականության, հանուն նրա, որ եթե տաղանդ կա, չկորչի։

Հիշում եմ իմ առաջին պատմվածքները։ Եթե Կարեն Սիմոնյանն (արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ,-հեղ․) ալարեր, այդքան ժամանակ չծախսեր, գուցե ես թողնեի գրականությունը։

ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ
Մեկը, ով թունդ սիրահարված էր, եկավ ու կարմրած, ամաչելով ասաց՝ սիրահարված եմ, ուզում եմ, որ ընկերուհիս իմ բանաստեղծությունը տպագրված տեսնի, դա ինձ կփրկի։

Մտածեցինք՝ հերն էլ անիծած, մի քանի քառակուսի սանտիմետր տեղ է, հանուն գրականության անում ենք, հանուն մարդու չանե՞նք։

Տպագրեցինք։ Այդպես էլ չիմացանք՝ հաջողվե՞ց այդ սերը նրան, թե՞ ոչ։

Զրուցեց Աննա Կարապետյանը