Գրադարանը հիշողության և երևակայության մեջ

Library
    Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում պոեզիայի ընթերցումներ էին:  Գրադարանի հին ու նոր ընթերցողները, ավագ ու երիտասարդ գրողները հավաքվել էին մի տանիքի տակ: Հեղինակային գործերի ընթերցումներներ, գրական տրամադրություն ու ջերմ հուշերի մի մեծ պահոց, որ յուրաքանչյուրին տարավ դեպի պատանեկություն՝ դեպի առաջին ընթերցած գիրքը, ու հիշողությունը սկսեց թերթել հարազատ գրադարանի հետ կապված հուշատետրի էջերը… 
    Հանդիպումից հետո որոշեցի շարունակել զրույցը ընկերներիս հետ նրանց՝ գրադարանի հետ կապված առաջին հիշողության, պատանեկության տարիներին նրանց վրա մեծ տպավորություն գործած գրքերի շուրջ:
    Երիտասարդ բանաստեղծ Լուսինե Եղյանը, որ դեռ այնքան էլ չի հեռացել պատանեկությունից, հիշեց, որ առաջին անգամ, երբ եկավ գրադարան, իրեն չգրանցեցին. «Ասեցին, որ փոքր եմ: Ես էլ սկսեցի ընկերներիս հետ գալ ու իրենց տոմսերով ինձ համար գրքեր վերցնել»:
Գրադարան, ըստ նրա,  հնարավորություն է նոր գրքերի հետ ծանոթանալու: Սակայն միաժամանակ նա նշում է, որ «Հիմնականում այն բոլոր գրքերը, որոնք կարդացել եմ գրադարանում, գնել եմ, որ ունենամ նաև տանը, կարծում եմ, գրքերը պետք է ձեռքի տակ լինեն, գրասեղանի վրա, քանի որ ինձ համար գիրքը անհատականություն է. երբ այն կարդում եմ, իսկ հետո թողնում գրադարանում, կարծես ինձնից մի մասն եմ թողնում այնտեղ»:
    Նորայր Սարգսյանը, ով ևս նոր է մուտք գործում գրականություն, գրադարանից հիշում է ընդամենը մեկ բան. «Իմ առաջին ու միակ հիշողությունը գրադարանից գրադարանավարուհու սպանող հայացքն է. դրանից բացի բան չի տպավորվել (ժպտում է)»:
    «Պապիկս շատ մեծ գրադարան ուներ,- հուզմունքով հիշում է արձակագիր Արամ Պաչյանը,- փոքր ժամանակ, երբ գնում էի պապիկիս տուն, այդ բոլոր գրքերը քանդում էի, փռում շուրջս ու սկսում թերթել. մի քանի ժամ, հետո նորից դասավորում էի. դա իմ սիրելի զբաղմունքն էր»:
Արամը ցավով է նշում, որ իր պապիկի գրադարանի միայն մի մասն է պահպանվել. «Պապիկիս մահից հետո գրքերի որոշ մասը վաճառվել է, որոշ մասն ինձ մոտ է. բայց այևս չկա այն գրադարանը, այն միայն իմ հիշողության ու երևակայության մեջ է»:
    Իսկ բանաստեղծ Նշան Աբասյանը պատմում է, որ գրադարան գնալու կարիք չի զգացել. «Տանը հարուստ գրադարան ունեինք, մայրս էլ պարբերաբար գրքեր էր գնում մեր գրադարանի համար: Այդ ժամանակ գրադարանն ինձ համար սահմանափակվում էր ծնողներիս ննջասենյակի մեծ գրապահարանով»:
Այս գրադարակներում էլ բանաստեղծը գտնում է և իր առաջին գիրքը. ««Ծիպիլին Տիմբական և ծիծաղն» եմ կարդացել. մանկական վեպ էր՝ շատ գեղեցիկ նկարազարդումներով: 100 էջանոց գիրք էր, երկար ժամանակ կարդում էի այն ու հեքիաթային աշխարհի մեջ էի ինձ զգում»:
    Գրականագետ Անի Հովնանյանը, այսօր արդեն ծիծաղով է հիշում, թե ոնց է լաց եղել, երբ առաջին անգամ իր համար «Մարոն» են կարդացել. «7-8 տարեկան էի, մայրս էր կարդում, ես էլ նմանեցնում ինձ ու լաց լինում… Հետո սկսեցի ինքնուրույն կարդալ: Ի տարբերություն մյուս երեխաների, ովքեր նկարազարդ գրքեր էին սիրում, ես սիրում էի հաստափոր գրքեր. ինչքան մեծ էր գիրքը, այնքան հետաքրքրությամբ էի կարդում»:
    Բանաստեղծուհի Մանե Գրիգորյանի համար գրքերն իր երևակայության ու երևակայությունը կարդացած գրքերի շարունակությունն են: Նա շատ կենդանի է պատկերացնում իր կարդացածը ու հաճախ տեսարանները երկար մնում են իր հիշողության մեջ: Հատկապես լավ է հիշում, թե ինչպես էր ազդվել «Մոնթեսումայի դուստրը» վեպում տեղ գտած մի նկարագրությունից. «Աղջիկը պետք է մահանար, ու նրան պատի մեջ շարում էին: Կարդալիս այնքան էի տպավորվել, որ օրերով երազում տեսնում էի, որ ինձ են պատի մեջ շարում»:
    Զրույցից մի բան պարզ դարձավ ինձ համար, որ գիրքը, ընթերցանություն այս մարդկանց կենցաղի կարևոր մասն է, այն օգնում է նրանց գտնել հարազատ աշխարհ, միջավայր, օգնում է ապրել, երազել ու ստեղծագործել:
Աննա Կարապետյան