Գրադարանավարի օրը Հայաստանում

gradarani or
   ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես «Գրադարանավարի օր»: ՀՀ մշակույթի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հասարակության կյանքում, արդեն չորրորդ անգամ «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ անցկացնում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը, որը նշվում է հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան: Արդեն ավանդական դարձած «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-ին: Այդ օրը երեկոյան ժամը 18:00-23:00-ը Հայաստանի Հանրապետության շուրջ 100 գրադարան բաց կլինեն ընթերցողների համար:
    «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև նպաստել գրքի և գրականության տարածմանն ունորովի ներկայացմանը: Մեր օրերում գրադարանները ոչ միայն գիրք տրամադրող կազմակերպություններ են, այլև տարածաշրջանի համար ժամանցի կազմակերպման կենտրոն, երկխոսությունների միջավայր գրադարանավարի, ընթերցողի, հեղինակի, հրատարակչի միջև:
Գրադարաններն առանձնահատուկ են պատրաստվել այդ օրվան` կազմակերպելով ավելի քան 300 միջոցառում. կլոր սեղաններ, գրական գեղարվեստական երեկոներ, գրադարանային խնդիրների քննարկումներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ և այլն:
    Այս տարի առանձնակի ուրախությամբ իրենց մասնագիտական տոնը կնշեն Շիրակի մարզային գրադարանի գրադարանավարները: Հոկտեմբերի 7-ին Շիրակի նորաբաց մարզային գրադարանն իր հարկի տակ կհյուրընկալի Հանրապետության մշակույթի և գրադարանային ոլորտի ներկայացուցիչներին, ընթերցողներին: Գրադարանի շենքը, որը համարվում է Գյումրի քաղաքի պատմաճարտարապետական շինություններից մեկը, վերակառուցվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Իտալիայի կառավարության և ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ:
    Գրադարանային ոլորտը մշտապես գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում: 2012 թվականին «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքի ընդունումից հետո նախարարության կողմից մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել են օրենքից բխող 6 իրավական ակտեր: «Գրադարանների տեխնիկական վերազինում և արդիականացում» ծրագրի շրջանակում 2012 թվականին իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող 13 գրադարանների վերազինման և արդիականացման աշխատանքներ: