Ջորջ Փեհլիվանյան. «Ամենե լավ համերգներս Հայաստանին մեջ եղած են»

g-pehlivanyan
    15 տարվա բացակայությունից հետո Հայաստանում է աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը: Երկարատև ընդմիջումից հետո դիրիժորը համերգով հանդես կգա հայրենիքում: Նա Հայաստան է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հրավերով: «Ինչու ասչափ տարի սպասեցինք, ես ալ չգիտեմ: Ես արտիստ մըն եմ, որ ինքզինքս երբեք չեմ սիրել ցուցադրել: Ուր որ ինձի հրավիրեն, այնտեղ կերթամ, եթե հրավիրված ըլլայի, ավելի շուտ կգայի»,- ասում է դիրիժորը:
    Փեհլիվանյանի խոսքերով՝ իր համար մեծ հաճույք է վերադառնալ և նորից գտնել հայ տաղանդավոր երաժիշտների. «Նվագախումբը ֆանտաստիկ է, շատ լավ երաժիշտներ են: Անշուշտ, կամերային օրկեստրը լավ երաժիշտ չունենա, արդեն չի կրնա լավ կամերային օրկեստր ըլլալ: Քանակը շատ քիչ բան է, ամեն մարդ պետք է լավ նվագե: Առաջին անգամ իրենց ծանոթացա և կրցա ամբողջ երգացանկը կարդալ և լավ ձևով միասին շփվիլ: Անակնկալի եկած եմ, միշտ գիտեի, որ լավ երաժիշտներ են, բայց չգիտեի որ աս չափի լավ են»:
    Հայաստանում դիրիժորը 1990-ականներին է եղել, պատերազմական տարիներին նա եկել, ապրել ու աշխատել է այստեղ. «Շատ դժվար տարիներով ապրած եմ, երբ լույս չկար, հաց չկար, այդ տարիներուն մեջ ես աշխատած եմ, և մեր հանդիսատեսին տված ենք հարյուրներով համերգներ: Երբ Երևանին մեջ լույս չկար, ֆիլհարմոնիկի մեջ միայն լույս կար, այն ատեն ես համերգ տված եմ: Ամենեն լավ համերգներս, որ տված եմ աշխարհին մեջ, անշուշտ, Հայաստանին մեջ եղած են: Կհիշեմ իմ երաժիշտներս մեկ ժամ կքալեին մինչև որ փորձի գային: Ես երիտասարդ` 27-29 տարեկանիս, իրենցմե ամեն բան կուզեի` լավ նվագեք, նորից, նորից, և իրենց լավ կաշխատցնեի: Հոգիիս վրա շատ տպավորված են աս ժամանակները. երբ որ դժվարության մեջ կապրիս, զգացումներն ավելի զորավոր կըլլան»:
    Դիրիժորը պատմում է, որ Հայաստանում շատ ջերմ ընդունելություն է գտել այն ժամանակ: Եվ կա ևս մի երկիր, որ Ջ. Փեհլիվանյանին նույնքան հարազատ է՝ Իսրայելը. «Ամեն տարի Իսրայել կերթամ, Իսրայելի ֆիլհարմոնիկը ինձի շատ մտերիմ օրկեստր մըն է, և իրենց հետ ամենաքիչը 100 համերգ տված եմ կյանքիս մեջը»:
    Ջորջ Փեհլիվանյանն ինքն իրեն բնորոշում է որպես երիտասարդ երաժիշտներին քաջալերող դիրիժոր. «Պետք է մեր կյանքը լավ ձևով գործածենք, և մեր ժամանակը միշտ երիտասարդներուն տանք: Փառատոն ունիմ Ֆրանսիա, 4 տարի եղավ, աշխարհի ամենալավ երիտասարդ օրկեստրները կհրավիրեմ և մաստեր կլասներս կուտամ երիտասարդ դիրիժորներուն: Իբրև հայ արտիստ` ես պիտի ուզենայի մեր հայերը քաջալերել, մեր տաղանդները դուրս տանիլ. հուսամ ասի վերադարձս միայն սկզիբը կըլլա»:
    Դիրիժորի «Սպասված վերադարձ» խորագրով համերգը նվիրված է նրա ծննդյան 50-ամյակին. «Իմ նվերս պիտի ըլլա ձեր ջերմ սիրտը նորեն զգալ, ասի ինձի համար շատ կարևոր է»:
    Մաեստրոն իր հիսունամյակը կնշի հիսունամյա կամերային նվագախմբի հետ. ընդամենը մեկ տարի առաջ լրացել էր նաև Հայաստանի պետական կամերային նվագախմբի 50-ամյակը:
    Փեհլիվանյանն ավարտել է Լոնգ Բիչի և Ինդիանայի համալսարանը՝ ստանալով ջութակահարի և նվագավարի երկու վկայական: Հանդես է եկել որպես մենակատար և Ինդիանայի «Պրո Մյուզիք» նվագախմբի կոնցերտմեյստեր: 1991 թվականի սեպտեմբերին մասնակցել է Բզանսոնի (Ֆրանսիա) նվագավարների միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին և միակ մրցանակին: Նա առաջինն էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որ արժանացել է այդ պատվավոր մրցանակին: Փեհլիվանյանի ղեկավարությամբ աշխարհի լավագույն նվագախմբերը կատարել են Վիվալդի, Բախ, Հայդն, Մոցարտ, Բեթհովեն, Պագանինի, Բրամս, Բարտոկ, Ստրավինսկի, Չայկովսկի, ինչպես նաև Կոմիտաս ու Խաչատրյան: Այժմ Փեհլիվանյանը Սլովենիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է, Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Ֆրանսիական «Լը Մոնդ», «Ֆիգարո» և այլ թերթեր Ջորջ Փեհլիվանյանի մասին գրել են. «Փեհլիվանյանը գյուտ է, որին պետք է հետևել, նա անուրանալի անհատականություն է, որն իր տաղանդով գերազանցեց մրցակիցներին»: 
    Հիշեցնենք, որ Ջորջ Փեհլիվանյանի «Սպասված վերադարձ» խորագրով համերգը տեղի կունենա հունիսի 28-ին` 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հոբելյանական համերգին Հայաստանի պետական կամերային նվագախումբը դիրիժորի ղեկավարությամբ կկատարի Չայկովսկու, Միրզոյանի, Կոմիտասի և Ասլամազյանի ստեղծագործությունները:
                                                                                                                            Աննա Կարապետյան