Գնդացրի կրակ «Հայ գրքում»

hasmik_simonyan
    «Հայ գիրքը» այսօր կրկին մարդաշատ էր: Այս անգամ ընթերցասերները հավաքվել էին բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանին հանդիպելու:
    Հասմիկ Սիմոնյանն ընթերցողներին հայտնի է դեռ 2005-ից, երբ լույս տեսավ հեղինակի առաջին «Լուսնոտ բառեր» ժողովածուն: Գրքից հետո բանաստեղծը շարունակեց բավականին հաճախ տպագրվել գրական մամուլում, տարբեր անթոլոգիաներում, որից հետո 2010-ին գրական դաշտ բերեց իր «Թափթփված սենյակները»: Այսօր էլ հեղինակը շարունակում է ստեղծագործել և տպագրվել մամուլում, բայց նոր ժողովածուի մասին խոսել դեռ չի ցանկանում: Պատասխանում է թե՝ մի օր կլինի:
    Հասմիկ Սիմոնյանի հետ հանդիպմանը ներկա էին ոչ միայն նրա պոեզիայի երկրպագուները, այլև հեղինակի գրչակից ընկերները: Հանդիպման սկզբում բանաստեղծն ընթերցեց իր բանաստեղծությունները: Ներկայացնելու համար նա մտածված ընտրել էր իր տարբեր տարիներին գրված գործերից: Մեզ հետ զրույցում Հասմիկ Սիմոնյանը նշեց, որ իրեն հետաքրքիր էր և՛ ընթերցողների արձագանքը, և՛ հենց իր զգացողությունը մոտ տասը տարվա տարբեր գործեր միասին ընթերցելու արդյունքում:
hasmik-simonyan-yntercumner    Ընթերցումից հետո եղավ քննարկում, մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով: Բանաստեղծ Կարեն Անտաշյանը Հասմիկ Սիմոնյանի պոեզիան որակեց որպես գնդացրի կրակ և ընդվզում: Իսկ արձակագիր Նառա Վարդանյանն իր հերթին հավելեց, որ Հասմիկի պոեզիայից ներսի անզորության զնգոց է լսվում, ինչն ինքը արվեստն է. «Հասմիկ Սիմոյանի պոեզիան ստեղծում է մի այնպիսի դաշտ, երբ մեզ մնում է միայն լռել նրա բանաստեղծության հետ»:
                                                                                                                            Աննա Կարապետյան