«ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ». 40 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ

4569
«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» միջոցառման շրջանակներում մեկ շաբաթ Հայաստանի մայրաքաղաքում և տարբեր մարզերում, մանկական գեղարվեստական կրթությունը կարևորելու նպատակով, անցկացվելու է շուրջ չորս տասնյակ միջոցառում: Այս մասին Մայիսի 20-ին ծրագրի մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը:

«ՀՀ մարզերում և մայրաքաղաքում անցկացվող մանկապատանեկան այս միջոցառումը մեր երկրի արձանագրած ձեռքբերումների և մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի ստուգատես-հանրագումար է, որի ընթացքում հանրությանը ներկայացվելու է գեղարվեստական կրթության կարևորությունը և արտերկրում այս ոլորտի  փորձը»,- ասաց Լիլիա Նիկոյանը:

Երեխաների մշակութային դաստիարակության խնդրի մասին խոսելիս, Մշակութային կրթության աջակցման հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանն ընդգծեց. «Արդեն 4-րդ տարի իրականացվող «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» միջոցառմանը մասնակցում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերը՝ գեղարվեստական կրթության բոլոր ուղղություններով»:

Նշենք, որ «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթը» մեկնարկելու է մայիսի 23-ին` Առնո Բաբաջանյան համերգասրահում, «Ժողովուրդների բարեկամություն 2016թ.» միջազգային մրցույթ- փատատոնի հայաստանյան դափնեկիրների մասնակցությամբ: Իսկ մայիսի 29-ին՝ ծրագրի ավարտի օրը, Հյուսիսային պողոտայում  ելույթ կունենան կրկեսի դպրոցի սաները, ինչպես նաև ստուդիաների և արվեստի դպրոցների աշակերտներ:

Հիշեցնենք, որ «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագրի մեկնարկը տրվել է 2012 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանի ժամանակ: Յուրաքանյուր տարվա մայիս ամսվա չորրորդ շաբաթն անցկացվող այս նախաձեռնությանը Հայաստանը միացել է նույն տարում և 2012- 2015թթ. ՀՀ-ում իրականացվել է 159 միջոցառում, որոնց մասնակցել է ավելի քան յոթ հազար  քաղաքացի:

Ալինա Նահապետյան