«Ֆրեսկո»-ն լավ ֆիլմեր է խոստանում

fresco
    Ամռանը 10 օր շարունակ  Հայաստանում կանցկացվի  ոչ ֆորմալ կինոփառատոն: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանականերում Երևանում և մարզերում կցուցադրվեն արտերկրից ուղարկված, ինչպես նաև հայրենական արտադրության ֆիլմեր:
    Փառատոնի շնորհանդես-ասուլիսը տեղի ունեցավ այսօր Հայաստանի Նկարիչների միությունում: «Ֆրեսկո» փառատոնը նախաձեռնել են «Ֆորմինկա Արտ Փրոդաքշնը» և «Ծիածան» ՀԿ-ն Արարատյան հայրապետական թեմի աջակցությամբ:
     Ինչո՞ւ « Ֆրեսկո » և ինչո՞ւ հենց ձուկը որպես լոգոտիպ հարցին փառատոնի հոգևոր պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանը պատասխանեց. «Ֆրեսկո նշանակում է որմնանկար: Որմնանկարները արվեստի, գեղեցկության և հոգևոր մշակույթի արժեքներն են, որոնք այսօր  մեր եկեղեցիներում շատ վնասված, մաշված վիճակում են գտնվում և թարմացման կարիք ունեն: Մեր հոգևորի մեջ էլ շատ թարմացնելու բաներ կան, ինչն էլ փառատոնի նպատակն է: Իսկ ձուկը քրիստոնեական սիմվոլ է: Բառի  հունարեն թարգմանության հապավումը բացվում է այսպես` I-Іησουç–Հիսուս χ-χριστοç–Քրիստոս θ-θεου–Աստծո Υ-υιοç–Որդի Σ- Σωτηρ – Փրկիչ»:
fresco fest-2    «Փառատոնը բաց է բոլորի համար` թե՛ տարեցների, թե՛ երիտասարդների»,- նշեց փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն:
    «Ֆրեսկո»-ին մասնակցելու են նաև հաշմանդամություն ունեցող անձինք: Հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը կազմակերպիչները սկսել են խուլերի համայնքից: Համայնքի կամավորների և մասնակիցների համար փառատոնի ողջ ընթացքում կապահովվի սուրդոթարգմանություն: Մեզ հետ զրույցում փառատոնի պրոդյուսեր Աննա Կարապետյանն ասաց, որ արդեն ներկայացվել են նաև ֆիլմեր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին Ուկրաինայից և Ռուսաստանից:
    Մյուս փառատոններից «Ֆրեսկոն» տարբերվելու է իր ուրույն ձևաչափով, հավաքվելու է հանդիսատես, բացօթյա կինդիտում է լինելու, որին էլ հաջորդելու է քննարկումը: Ֆիլմերի քննարկումներին ներկա են լինելու նաև ոլորտի մասնագետներ, բայց  մասնակիցներից յուրաքանչյուրին հնարավորություն է տրվելու ազատ արտահայտել իր կարծիքն ու տեսակետը:
    «Փառատոնը նպատակ ունի ստեղծել փոխանակման դաշտ հայ և օտարազգի կինոգործիչների միջև, Հայաստան բերել հոգևոր-բարոյական արժեքներ քարոզող ֆիլմեր, որի բացը մեզ մոտ շատ մեծ է»,- ասաց Տեր Եսային:
    Կամավորներից Մանե Մադոյանը նշեց, որ չնայած հոգևոր-բարոյական ուղղվածությանը՝ փառատոնը չի ենթադրում կոնկրետ թեմա. «Ամեն ֆիլմ, որ ներկայացվում է, բերում է իր ասելիքը, ամեն ֆիլմ ապրելու է իր ուրույն կյանքով, իսկ մնացածը ցույց կտա փառատոնի ընթացքը»:
    Բացօթյա ֆիլմերի  փառատոնը կանցկացվի Երևանում` Կարապի լճի տարածքում ու տարբեր մշակութային կենտրոններում, ինչպես նաև մարզերում (Ախթալա, Տաթև և Օձուն):
fresco fest1    «Այնպիսի վայրեր ենք ընտրել, որ օտարազգիները  ծանոթանան մեր մշակույթին, մասնավորապես Ախթալայում են գտնվում մեր ամենահին որմնանկարները,- Cultural-ին ասաց փառատոնի պրոդյուսերը և հավելեց,- մարզերի բոլոր մասնակիցները վրաններում են մնալու, կազմակերպվելու են նաև հայկական ավանդական ուտեստների հյուրասիրություն, ազգագրական  պարերի ուսուցում»:
    Պրոդյուսեր Աննա Կարապետյանը նշում է, որ փառատոնի ֆիլմերը երեք հիմնական թեմա են շոշափում` սոցիալական, հոգևոր և մշակութային, կան նաև համընդհանուր թեմաներ, որոնք արդիական են նաև Հայաստանի համար` միգրացիա, էկոլոգիական աղետներ և այլն:
    «Ներկայացված ֆիլմերը տարբեր խնդիրների հաղթահարման միջոցներ են, կան նաև կարճամետրաժ ֆիլմեր, որոնք ավելի շատ մարդկանց ուղղված կարճ հաղորդագրություններ, որ մտածելու տեղիք են տալիս»,- ասաց պրոդյուսերը:
    Փառատոնին ներկայացված ֆիլմերը քննարկվելու են ժյուրիի կողմից, որի կազմում ընդգրկված են կինոգործիչներ, մտավորականներ, հոգևորականներ և այլք: Թե քանի ֆիլմ կցուցադրվի, կախված է  ֆիլմերի խրոնոմետրաժից:
    «Ֆրեսկո»-ին արդեն ներկայացվել է 300 ֆիլմ 25 երկրից, այդ թվում` ԱՄՆ, Ռուսաստան, Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, մինչև անգամ Հնդկաստան և Լաոս: Հայտերը կընդունվեն մինչև ապրիլի երեսունը: Օնլայն հայտադիմումի ձևը կարող եք գտնել այստեղ:
Աննա Կարապետյան