«Ֆրեսկո» կինոփառատոնը` բաց երկնքի տակ. կինոճամբար Օձունում և Ախթալայում

camp

   Անցած հանգստյան օրերը «Ֆրեսկո» միջազգային փառատոնի համար գերաշխատանքային էին. փառատոնի թերևս ամենաինքնատիպ բաղադրիչը` կինոճամբարները, արդեն իրողություն են:

   Հունիսի 26-ից 28-ը «Ֆրեսկո» միջազգային փառատոնը մայրաքաղաք Երևանից մի քանի օրով տեղափոխվեց Լոռու մարզ: Ծրագրի համաձայն` փառատոնն իր հետ մարզ էր տարել ոչ միայն ֆիլմեր, այլև ավելի քան 130 մասնակից: Կինոդիտումների` մեր երկրում դեռևս իր նմանը չունեցող այս ձևաչափը «Ֆրեսկո» միջազգային փառատոնի հիմնական բաղադրիչներից է:

   Մեր երկրի գեղատեսիլ անկյուններում կազմակերպված կինոդիտումները նաև ճանաչողական նշանակություն ունեն: Կազմակերպիչները համոզված են` սիրելու առաջին քայլը ճանաչելն է: Կինոճամբարները ոչ միայն հասարակության ու հատկապես երիտասարդ սերնդի լայն շրջանակներին ներգրավելու հրաշալի միջոց են, այլև Հայաստանը ճանաչելու նոր ձևաչափ: Ցուցադրությունների համար ընտրելով Հայաստանի պատմամշակութային կարևոր կենտրոնները` կազմակերպիչները կինոարշավի մասնակիցներին առանց ճնշող պարտադրանքի «ստիպում են» ճանաչել այդ հուշարձանները, տեղի նիստուկացը, շփվել բնության, տեղի բնակիչների հետ:

   Օրվա լուսավոր հատվածում` վրանների տեղադրում, ազգային հյուրասիրություն, երգ ու պար,camp1 ժամերգություն: Իսկ ահա մութն ընկնելուն պես` վանական համալիրի բակ, թարմ օդ, աստղաշատ երկինք, գունավոր բարձեր, մեկը մյուսից հուզիչ ֆիլմեր… ամեն ինչ պատրաստ է բացօթյա կինոդիտումը սկսելու համար:

   Կինոճամբարի առաջին կանգառը Օձունի եկեղեցու բակում էր: Հունիսի 26-ին այստեղ ժամանած ավելի քան 8 տասնյակ մասնակիցներին երեկոյան միացան նաև տեղի բնակիչները: Կինոդիտում-քննարկմանը մասնակցում էին նաև փառատոնի արտասահմանյան հյուրերը: «Այս փառատոնում ամենից շատ հենց այս մարդամոտությունն եմ կարևորում: Կինոաշխարհում շատ են այնպիսի միջոցառումները, որոնց արտաքին փաթեթավորումն է միայն գեղեցիկ, ինքը ձանձրալի է, ոչ կենդանի: Կինոճամբարները հրաշալի հնարավորություն են տալիս մարդկանց հասցնելու այն, ինչ հենց նրանց համար է ստեղծված»,- ասում է իտալացի կինոռեժիսոր Ջանլուկա Սոդարոն: 

   «Ֆրեսկոյի» մարզային կինոճամբարի երկրորդ հանգրվանը Ախթալայի՝ 13-րդ դարում կառուցված եկեղեցին էր: Այստեղ կինոճամբարին միացավ Երևանից ժամանած նոր խումբ` նրանց թվում` նաև հաշմանդամություն ունեցող 2 տասնյակից ավելի երիտասարդներ:

   Կինոճամբարի յուրաքանչյուր օր ցուցադրվեցին տարբեր ժապավեններ, որոնց մասին ներկաները հնարավորություն ունեին զրուցելու նաև ֆիլմը ներկայացնող օտարերկրյա հյուրերի հետ: