«ՖՐԵՍԿՈՅԻ» ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Fresco6
    Օրեր առաջ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնն ամփոփեց արդյունքները: Այսօր փառատոնի անձնակազմը հանդիպել է լրագրողների հետ: 
     Փառատոնի ծրագրերի ղեկավար Աննա Կարապետյանի խոսքով՝ փառատոնը նպատակ ունի բարձրացնել հոգևոր-բարոյական և սոցիալական թեմաներ. «Ուզում ենք վերականգնել կապը հոգևորի և արվեստի միջև»:
    Այս տարի «Ֆրեսկոյի»հոգևոր խորհրդատուն էր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նրա կարծիքով փառատոնն ուղղված էր մարդուն փնտրելուն և մարդ-Աստված վերագտնումին հասնելուն:
    «Յուրահատուկ մշակութային երկխոսություն էր թե՛ մեր իրականության, և՛ թե աշխարհից եկող տարբեր ազդակների միջև: Կային նաև ներկայացուցիչներ մահմեդական երկրներից, ովքեր մեծ հետաքրքրությամբ էին մասնակցում: Փառատոնը նաև հոգևոր երկխոսության առիթ էր հասկանալու համար, թե մեր նմանները աշխարհում անկախ իրենց կրոնական պատկանելիությունից ինչպես են ապրում և ինչպես են ուզում տեսնել աշխարհն այսօր»,-նշեց նա:
    Փառատոնի շրջանակներում Հայաստան էին ժամանել ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը Սանկտ Պետերբուրգից, իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանը, իտալացի ռեժիսոր Մարկո Լեոպարդին, բելառուսական «Մայիս 1945» ֆիլմի պրոդյուսեր Նոնա Սիսակյանը, ռուսական «Մեդեմ» ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Նաումովը և այլք:
    «Լուսանկարիչ Բրիտմանը հասցրել է նաև շրջել Հայաստանով և պատրաստել «Հայի աչքեր» խորագրով ֆոտոշարք»,-տեղեկացրեց փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն:
    156 Լրագրողների հետ հանդիպման ավարտին նրանց բաժանվեցին օրհնված մոմեր և «Հավատով խոստովանիմ» աղոթքը, որոնք պատրաստել էին Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները:
  Cultural.am-ը և փառատոնի մյուս ինֆորմացիոն հովանավորները պարգևատրվեցին հավաստագրերով՝ «Ֆրեսկոյին» աջակցելու համար:
    Հիշեցնենք, որ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի երկրորդ փառատոնն անց էր կացվում հունիսի 27-ից հուլիսի 5–ը: Փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել բացօթյա կինոդիտումներ Կարապի լճում, վրանային կինոճամբարներ Հառիճավանքի տարածքում, այցելություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և «Ավրորա» ֆիլմի դիտում: Այս տարի փառատոնը նվիրվում էր Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին:
     «Ֆրեսկոն» կազմակերպում են «Ֆորմիկա Արտ» ընկերությունը և «Ծիածան» ՀԿ-ն: Փառատոնն անց է կացվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ:
Աննա Կարապետյան