Ֆրանսիական բարոկկոն օպերայի բեմում

asulis-frankofonia
    Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ապրիլի ութին Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կհնչի ֆրանսիական բարոկկո: Այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն «Ռամոյից մինչև ժամանակակից պարարվեստ. Ֆրանսիական արտիստիկ առաջարկություններ Ֆրանկոֆոնիա 2014-ի շրջանակներում» թեմայով ասուլիսի ժամանակ: Ասուլիսի ժամանակ քննարկվեցին հարցեր՝ կապված պարարվեստի և բարոկկո երաժշտության բնագավառների հետ:
     Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ ֆրանսիական «Հելիոտրոպիոն» ընկերությունը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ վարպետության դասեր է անցկացնում Երևանի կինոյի և թատրոնի ազգային ինստիտուտում: Վարպետության դասերի շրջանակներում Հայաստանում են կազմակերպության անդամներ պարուսույց Կլոտիլդ Տրիադրիտտին և կոմպոզիտոր Պատրիկ Մատոյանը:
    Կլոտիլդ Տրիադրիտտին, ով զբաղվում է ժամանակակից պարերի խորեոգրաֆիայով, պատմում է, որ կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ցանկացել են ստեղծել ռիթմավորված խորեոգրաֆիա, շարժումը փոխադրել երաժշտության. «Մեր նպատակը ժամանակակից պարարվեստի և բարոկկո երաժշտության կապը ցույց տալն էր, դրանք համադրելը: Ունեինք ժամանակակակից պարարվեստի նմուշ, որը շատ հեշտ համադրվեց Ռամոյի բարոկկո երաժշտության հետ, ստացվեց  պատրաստի պարի ու երաժշտության երկխոսություն, ուստի և կանգ առանք հենց Ռամոյի թեկնածության վրա»:
    Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այս հանգամանքը պատահական չի համարում. չէ՞ որ Ֆրանսիայում տարին հենց Ռամոյին է նվիրված: Այս տարի լրանում է աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 250-ամյակը:
    «Ֆրանսիայում հայտարարված Ռամոյի տարին Հայաստանի համար հնարավորություն է նրան բացահայտելու. ես ինքս լսեի էի Ռամոյի երաժշտությունը և շատ հավանել, բայց չգիտեի՝ ով է հեղինակ: Անցած տարի ՀԱՅ ՖԵՍՏ փառատոնի մի էտյուդի ժամանակ իմացա»,- ասաց Անրի Ռենոն:
    ԵԹԿՊԻ բեմական շարժման և վոկալի ամբիոնի ղեկավար Արմեն Մելիքսեթյանը նշեց, որ այս տարի ուսանողները պարուսույցի հետ համատեղ ավարտին կհասցնեն Ռամոյի երաժշտության հիման վրա արված բեմադրությունը: Մելիքսեթյանը նշեց նաև. «Մեզ մոտ ավելի շատ Բիզեն է բացահայտված իր Կարմեն օպերայով, որի համերգային տարբերակը բեմադրելու մեծ ցանկություն ունենք, հուսանք մինչև տարեվերջ կիրականանա: Ռամոյի գործերը բեմադրելը դեռ ցանկություն է մնում, քանի որ խնդիրներ կան կապված հեղինակային իրավունքի ձեռքբերման և դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հետ»:
    Կոմպոզիտոր, դիրիժոր Գրիգոր Առաքելյանը նշում է, որ իր համար բարոկկոն ներկայացնելը և՛ հաճույք է, և՛ պատիվ. «Բարոկկոն ոչ միայն տարեթվերով սահմանափակված ժամանակաշրջան է, այլև հնի և տարօրինակի համադրություն, հնի վրա հիմնված նոր»:
    Լինելով «Օշական» համույթի ղեկավար՝ Առաքելյանը բազմաթիվ համերգներ է ունեցել արտերկրում: Զբաղվում է հայ միջնադարյան երաժշտության տարածմամբ, իր խոսքով ասած`մշակույթի դեսպան է:
    Ապրիլի ութին Գրիգոր Առաքելյանը ֆրանկոֆոնիայի օրերի առիթով հանդես կգա ֆրանսիական բարոկկո երաժշտության ծրագրով՝ «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակներում: Համերգը տեղի կունենա Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, կհնչեն Մառլեի, Ռամոյի, Կրուպերենի և Լյուլլի ստեղծագործությունները:
Աննա Կարապետյան