Երկխոսություն մշակույթի լեզվով

dialouges4

   «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնի» նախաձեռնությամբ հուլիսի 23-ից Աղվերանում անցկացվում է «Մշակույթների երկխոսություն 2014» 4-րդ միջմշակութային փառատոնը:

   Կենտրոնի փոխնախագահ Արեգ Թադևոսյանի փոխանցմամբ՝ փառատոնին մասնակցում է 15 ազգությունների պատկանող շուրջ 100 երիտասարդ: Հայաստանից մասնակցում է երեք խումբ. հայկական պատվիրակությանը միացել են նաև եզդիներն ու սիրիահայերը: Մասնակից ազգությունները վեց հոգանոց խմբերով են: Երկշաբաթյա փառատոնի ամեն մի օրը նրանք տրամադրում են իրենց մշակույթի բաղադրիչ մասերը` ազգային երգն ու պարը, խաղերը, խոհանոցն ու ավանդույթները, ներկայացնելուն, այլ երկրների մշակութային արժեքներին ծանոթանալուն:

   Մեր պատվիրակությունը արդեն հասցրել է պատվով ներկայանալ, Cultural –ի հետ զրույցում պատմեցdialouges1 հայկական պատվիրակության անդամ Լենա Զաքարյանը. «Նախ մեր օրհներգը միացրինք, բոլորը ոտքի էին կանգնել, հետո էլ արեցինք մեր պրեզենտացիան, ինչպես բոլոր խմբերը: Պատմական Հայաստանն էինք ներկայացնում: Ընտրել էինք Հայաստանի այնպիսի քարտեզ, որը նաև Արցախն է ներառում: Դիտեցինք նաև տեսաֆիլմ, որը ներկայացնում էր մեր երկիրը զբոսաշրջիկի աչքերով»:

   Լենան «Պարենք հայերեն» նախաձեռնության անդամներից է, պարում է արդեն մեկուկես տարի: Բոլոր հայկական պարերը սովորելուց և պարելուց հետո «Կարին» համույթում սովորել է նաև պարերի սխեմաները:

   Փառատոնի ժամանակ խմբով պարել են փափուռի և քոչարի: Մեր ազգային պարերը մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն են առաջացրել, նրանք ցանկություն են հայտնել սովորել դրանք. «Որոշվեց, որ ծրագրի ընթացքում առանձին ժամանակ կհատկացվի, որպեսզի ցանկացողներին սովորեցնեմ հայկական պարեր»:

  dialouges2 Գյումրեցի Լենային փառատոնը շատ է դուր եկել, ասում է` և մասնակիցներն են շատ լավը, և կազմակերպիչները. «Շատ ընկերներ ձեռք բերեցի, մեկը մյուսից տարբերվող՝ թե՛ իրենց մշակութային արժեքներով, թե՛ բնավորությամբ: Բոլորի հետ շփվում ես ու զգում, որ շատ բան ունես նրանց տալու և նաև նրանցից վերցնելու: Միանգամից մտերմացանք, պատճառներից մեկն էլ այն էր, որ հենց սկզբից կազմակերպիչները հատուկ քաղաքականություն տարան, որ պատվիրակությունները չառանձնանան և չմեկուսանան, և բաժանեցին խառը խմբերի, հայ մասնակիցը իսպանացու հետ է ապրում, ֆրանսիացին` ռուսի և այլն»:

   Տեսական դասեր, պրակտիկ վարժություններ խաղաղության մշակույթի, մշակութային երկխոսության և միջմշակութային հաղորդակցության վերաբերյալ. բացի երգն ու պարը, նոր ծանոթություններն ու ուրախ ժամանցը՝ կա նաև կրթական մաս, ինչն, ըստ Լենայի, պակաս կարևոր չէ. «Ձեռք ենք բերում բազային գիտելիքներ, օրինակ` այն մասին, թե ինչ անել երկրիդ հարստությունները ճիշտ ներկայացնելու համար, ինչպես աշխատել մենթալիտետային մշակույթի և առկա կարծրատիպերի հետ: Մեր առջև խնդիր է դրված ճանաչել ոչ միայն արտաքին մշակույթը, այլև մարդու ներքին մշակույթը»:

   Վալենտինա Ուլիխանովան 21 տարեկան է: Նման միջազգային փառատոնի երկրորդ անգամ էdialouges5 մասնակցում: Հատկապես ուրախ է Վրաստանի մասնակիցների հետ ծանոթանալու համար. «Մայրս վրացի է: Ամեն տարի գնում ենք Վրաստան, բայց մեկ է` կարոտում եմ»:

   Վալենտինան վրացերեն գրել ու կարդալ է սովորում, խոստովանում է` Վրաստանի թիմի պրեզենտացիայում կային բաներ, որ դեռ չգիտեր: Հասցրել է նաև վրացիների հետ աճառուլի պարել. «Աճառուլին սիրո պար է, որի ժամանակ տղաներն իրենց հզորությունն են ցույց տալիս, դեպի իրենց գրավում աղջիկներին: Տղայի համար պատիվ է, եթե աղջիկը հավանում է իրեն, գալիս ու սկսում պարել: Այստեղ է, որ մենապարը դառնում է զուգապար»: 
   
   Մասնակիցները ունեցել են նաև էքսկուրսիաներ, միասին այցելել են Սևանի թերակղզի, ինչպես նաև Երևանի տեսարժան վայրեր: Օտարերկրացիները շատ են հավանել այն, ինչ հասցրել են տեսնել: 

dialouges Փառատոնի կոորդինատորներից Օլիվեր Վիհմանը արդեն 1.5 տարի է` բնակվում է այստեղ: Սկզբում աշխատում էր «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոնում» որպես կամավոր, հիմա կենտրոնի աշխատակիցներից մեկն է: Հայաստան է եկել Գերմանիայից: Վիհմանը խոստովանում է, որ սիրահարված է Հայաստանին. «Ինձ այստեղ հանգիստ եմ զգում, դրական մթնոլորտ է, հյուրընկալ մարդիկ, ամենակարևորն այն է, որ մարդկանց միջև շփումը շատ է: Հայաստանի բնությունն էլ եմ շատ հավանել: Համբուրգում էի ապրում, այնտեղ բնականաբար սարեր կամ լեռներ չկային»:

 «Մշակույթների երկխոսություն 2014» փառատոնը այս շարքի արդեն 4-րդ ծրագիրն է: Նախորդ փառատոնները կազմակերպվել են 2006, 2007 և 2008թթ. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցությամբ: Այս անգամ փառատոնն իրականացվում է Նորվեգիայի «Narviksenteret» կազմակերպության հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնախմբի «Էրազմուս +» (Erasmus +)` «Երիտասարդությունը գործողության մեջ» ծրագրի կողմից:

                                                                                                           Աննա Կարապետյան