ԵՐԿՈՒ ՆՈՐ ԳԻՐՔ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԳՐԱՊԱՀԱՐԱՆՈՒՄ

7-guyn
    Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում հավաքվել էին մանուկներ ու պատանիներ։ Գրադարանում միանգամից երկու մանկական գրքի շնորհանդես էր՝ «Ապակյա Արամը» և «7 գույն»։
    «Ապակյա Արամը» հեղինակել է գերմանացի Մանֆրեդ Թայզենը Հայաստան կատարած այցից հետո։ Պատմվածքի գլխավոր հերոս հրաշամանուկ Արամը կարծում է, թե ինքն ապակուց է և պարբերաբար բախումներ է ունենում շրջապատող աշխարհի հետ։ Գիրքը հայերեն է թարգմանել Կարլեն Մատինյանը։ Մատինյանի խոսքով՝ գրողին հաջողվել է փոխանցել մեր ազգային մտածողությունն ու հոգեբանությունը։
0000333    «Հայ երեխայի աչքերով նայում ենք մեր իրականությանը։ Հետաքրքիր է, որ դա անում է գերմանացի հեղինակ, ով խորաթափանց ձևով կարողանում է մեր հասարակական իրավիճակների մեջ ներխուժել։ Գիրքը ցույց է տալիս, թե ինչպես է երեխան տեսնում հասարակությունը, հարուստ և աղքատ, թույլ և ուժեղ հարաբերությունները, ինչպես կարող է երեխայի փխրուն աշխարհը վտանգի ենթարկվել, և ինչ է ձեռնարկում  երեխան այդ դեպքում։ Այս ամենը տրված է հոգեբանական նուրբ խորությամբ և պատկերավոր լեզվով»,- Cultural.am-ի հետ զրույցում ասաց թարգմանիչը։
    Մինչ «Ապակյա Արամը» Մատինյանն առիթ է ունեցել թարգմանելու մի քանի մանկական պատմվածքներ։ Առհասարակ թարգմանում է գրականություն մեծերի համար։
    «Երբ մանկական գիրք թարգմանելու առիթ է լինում, այն բաց չեմ թողնում։ Մանկական գրականությունը իր գեղեցկությամբ ու գույներով մի ուրիշ աշխարհ է»,- նշեց նա։
0001939   «Ապակյա Արամը» գրքի հեղինակ Մանֆրեդ Թայզենը Skype-ի միջոցով ողջունեց ներկաներին։
    Թայզենը և գրքի նկարազարդող Կլաաս Վերպլանկը Հայաստանում են եղել այս տարվա ամռանը։ Նրանք իրականացրել են «Պատանին և շրջակա միջավայրը» խորագրով ստեղծագործական մրցույթ-նախագիծը հայ երիտասարդ գրողների և նկարազարդողների համար։
    Բելգիացի հայտնի նկարազարդող Կլաաս Վերպլանկը գրքի շնորհանդեսի առիթով Հայաստանում է ժամանել։ Վերպլանկը շնորհանդեսի մասնակիցների հետ կիսվեց ամռանն անցկացված աշխատաժողովի տպավորություններով․ «Երեք օրում դժվար էր փոխանցել քսանհինգ տարվա գիտելիք և փորձառություն։ Այդ պատճառով էլ որոշեցի սովորեցնել ոչ թե նկարելու տեխնիկա, այլ մտածելու տեխնիկա, որովհետև նախևառաջ պիտի մտածես՝ ինչ նկարել։ Մասնակիցները սովորելու մեծ ձգտում ունեին։ Մեր համագործակցությունը ստացվեց»։
00001924    «7 գույն» ժողովածուն նույնպես այդ համագործակցության արդյունք է։ Ժողովածուում տեղ են գտել յոթ հայ հեղինակների մանկական պատմվածքներ։ «Վասիլը» պատմվածքի հեղինակ Ալլա Սերոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ չնայած պատմվածքն ուսուցողական բնույթ ունի, այն միայն երեխաների համար չէ։
    «Վասիլը» պատմություն է, որի հիմքում ընկած են սերն ու նվիրումը։ Հեղինակի կարծիքով՝ դրանք այն գաղափարներն են, որոնք առանցքային նշանակություն ունեն մեր կյանքում։
    Վասիլը, ում նաև վայրենի էին կոչում, խոտերի մեջ շան ձագ է գտնում,  բայց ոչ մի վայրենություն չի անում։ Հակառակը՝ գորովանքով ու սիրով է վարվում շնիկի հետ, հետո նաև իր կյանքով փրկում նրան շնագայլերի դեմ պայքարում»,- պատմում է Ալլա Սերոբյանը։
   «Պատանին և շրջակա միջավայրը» խորագրով ստեղծագործական մրցույթ-նախագիծը իրականացրել է Մանկական գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչությունը (IBBY Armenia)  Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի, «Էդիթ Պրինտ» հրատարակչության և «Ակտուալ արվեստ» ՀԿ-ի հետ, «IBBY Yamanda» հիմնադրամի «Ընթերցող դառնալու երեխայի իրավունքը» կարգախոսով դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Աննա Կարապետյան