Երևանում մեկնարկել է շեքսպիրյան միջազգային փառատոնը

sheqspiryan paraton
    Երևանում  մեկնարկել է  Վահրամ Փափազյանի  անվան շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը: Այն կազմակերպել է Հայաստանի թատերական գործիչների միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ: Փառատոնին այս տարի կմասնակցեն շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի նախագահ Ջերսի Լեմոն, ինչպես նաև փառատոների ղեկավարներ Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Դանիայից:                             
    «Մեր նպատակն է, որ հայ թատրոնը հնարավորինս դուրս գա ՀՀ սահմաններից»,- փառատոնին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց փառատոնի տնօրեն Հակոբ Ղազանչյանը և հավելեց, որ արդեն չորս անգամ մեր թատրոնները մեկնել են արտերկիր շեքսպիրյան փառատոների:
    Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը հավելեց, որ անցած փառատոների ընթացքում Հայաստանում հյուրընկալվել  է մոտ 60 թատերախումբ: Նա կարևորեց փառատոնը միջազգային համագործակցության տեսակետից` այն որակելով որպես համագործակցության նոր մոդել:
    Իսկ շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Ֆիլիպ Պարրը (Անգլիա) ավելացրեց, որ փառատոնը առիթ է հասկանալու, թե Շեքսպիրը, որպես եվրոպացի գրող, որքանով է անդրադարձել յուրաքանչյուրիս, երկրի և  հասարակության վրա, ինչ ենք մենք կարողացել նրանից վերցնել:
    Մարտի 19–22-ը շեքսպիրյան օրերի շրջանակներում եվրոպական ցանցի տնօրենները կգնահատեն հայ դերասանների խաղը, ներկա կլինեն «Շեքսպիրը հայ թատրոնում» ցուցադրության բացմանը, կմասնակցեն  «Շեքսպիրը ժամանակակից  թատրոնի քառուղիներում» գիտաժողովին:    
    Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը փաստեց, որ վերջին 100 տարվա հայ թատրոնի պատմության առանցքն է Շեքսպիրը. «Մեր բոլոր մեծերը` Պետրոս Ադամյան, Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան մնացել են հայ թատրոնի հիշողության մեջ, հատկապես  իրենց շեքսպիրյան դերակատարումներով:
    Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն էլ այս կապակցությամբ նկատեց. «Կային ժամանակներ, երբ տարբեր ժողովուրդների, հասարակությունների զարգացվածության չափանիշը տվյալ հասարակության մեջ Շեքսպիրի տարածվածությունն էր: Եվ այդ չափանիշի համաձայն` մենք` հայերս, բավականին շահեկան դիրքերում էինք»:
    Նշենք, որ փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա Երևանի պատանի հանդիսատեսի անվան թատրոնում Շեքսպիրի «Լիր արքա»  հայ-վրացական համատեղ ներկայացման առաջնախաղով: Նախագիծը Երևանի պատանի հանդիսատեսի  և Թբիլիսիի Գրիբոյեդովի անվան ռուսական թատրոնների համագործակցության արդյունք է: Ներկայացումը բեմադրել է Հակոբ Ղազանչյանը:
    Վիլյամ Շեքսպիրի  ծննդյան 450-ամյակի կապակցությամբ շատ միջոցառումներ տեղի կունենան նաև շեքսպիրյան եվրոպական ցանցի անդամ պետություններում: Ցանցի միջազգային  ծրագրի համաձայն` երկու տարի շարունակ «Համլետը» կշրջագայի աշխարհի մոտ 200 երկրներով:

                                                                                                                            Աննա Կարապետյան