Երևանում մեկնարկեց հայագիտական միջազգային գիտաժողով

hayagitakan gitajoghov
    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց միջազգային հայագիտական գիտաժողով: Գիտաժողովը նվիրված է ԱՄՆ-ում գործող «Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության» (ՀՈՒԸ) հիմնադրման 40-ամյակին: Խորհրդանշական է այն հանգամանքը, որ երբ հայագետ, պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը հիմնադրեց ընկերակցությունը, այդ ժամանակ այն ուներ 40 անդամ: 40-ն են նաև այս տարվա գիտաժողովի մասնակիցները: Նրանցից 20-ը Հայաստան են ժամանել Եվրոպայից և ԱՄՆ-ից:
    Հոկտեմբերի 3-5-ը հայ և օտարազգի գիտնականները միասին կքննարկեն հայոց պատմության` մասնավորապես հայոց ցեղասպանության, Սփյուռքի, ինչպես նաև հայ նոր և ժամանակակից գրականությանն առնչվող խնդիրները: Նրանք հանդես կգան զեկուցումներով, ինչից հետո կլինեն քննարկումներ:
    Ընկերակցության նախագահ Գևորգ Բարդակչյանն ասում է, որ նման գիտաժողովը Հայաստանի և արտերկրի հայ և օտարազգի հայագետներին միավորելու լավ առիթ է. «Այս կերպ նրանք ոչ միայն կաշխատեն միասին մի քանի օր, այլև կճանաչեն միմյանց, կստեղծվեն ամուր կապեր հետագա համագործակցությունների համար»:
    Cultural.am-ը զրուցեց միջազգային հայագիտական գիտաժողովի մասնակից Արի Շաքարյանի հետ: Արի Շաքարյանն ընդամենը 25 տարեկան է: Նորեկ է հայագիտության ոլորտում: Ապրում է Պոլսում: Ավարտել է Ստամբուլի համալսարանի թուրքագիտության բաժինը, այնուհետև տեղի ամերիկյան համալսարանի պատմության ֆակուլտետը: Հետևում է հայագետների աշխատանքներին, հատկապես ԱՄՆ-ի և Եվրոպայի գիտնականների հոդվածներին, Արիի խոսքով` հայաստանյան հոդվածները ձեռք բերելն այնքան էլ հեշտ չէ, իսկ նման հոդվածներ համացանցում շատ չես գտնի: Երիտասարդ հայագետի  ուսումնասիրության հիմնական թեման հայերի վիճակն է 1918-19 թթ.-ին, սա է եղել նաև նրա թեզի թեման. «Ամերիկյան համալսարանում, որտեղ սովորում էի, լիբերալ մթնոլորտ էր, դասախոսները նույնպես ինձ քաջալերում էին, որ հենց այս թեմայով թեզս պաշտպանեմ, բայց եթե Ստամբուլի համալսարանում թեզիս թեման Հայոց ցեղասպանությունն ընտրեի, չէի կարողանա իրականացնել, քանի որ այնտեղ ճնշում կա, հատկապես հիմա, որ մոտենում է 100-ամյա տարելիցը: Կա պատմաբանների կոմիտե, որն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի աշխարհին համոզի, որ Հայոց ցեղասպանությունը սուտ է, որ նման բան չի եղել»:
    Արին տեղեկացրեց, որ պատրաստվում է Անգլիա մեկնել, քանի որ ընդունվել է Օքսֆորդի համալսարան: Խոստացավ, որ այնտեղ նույնպես շարունակելու է իրականացնել հայագիտական հետազոտություններ:
    Հիշեցնենք, որ միջազգային հայագիտական գիտաժողովը կազմակերպվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական համայնքների բաժանմունքի աջակցությամբ:       
                                                                                                                         Աննա Կարապետյան