Երևանում կբացվի Նիկոլայ Նիկողոսյանի ցուցահանդեսը

nikolay nikoghosyan1
    Ժողովրդական նկարիչ ՆԻԿՈԼԱՅ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ 95-ամյա հոբելյանի առթիվ ցուցահանդեսներ Արցախում՝ Շուշիի արվեստի կենտրոնում, և Երևանում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում
 
    2013 թ. անվանի քանդակագործ, ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանի 95-ամյա հոբելյանի տարին է: Արվեստագետն ապրում և ստեղծագործում է Մոսկվայում, սակայն իր հոբելյանական ցուցահանդեսը կազմակերպվում է հայրենիքում: Այս առթիվ Նիկոլայ Նիկողոսյանը հանդես եկավ բացառիկ նվիրատվությամբ ՝ Հայաստանի ազգային պատկերասրահ մշտական ցուցադրության փոխանցելով բալետի աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայի մարմարե կիսանդրին:
    Ս.թ. մայիսի 3-ին Նիկոլայ Նիկողոսյանի ցուցահանդեսը բացվեց Արցախում, Շուշիի նորաստեղծ Արվեստի կենտրոնում, իսկ ս.թ. հունիսի 7-ին այն կբացվի Երևանում՝ Հայաստանի ազգային պատկերասրահում: Ներկայացվելու են հայ հանդիսատեսին տակավին անհայտ՝ վարպետի վերջին տարիների գրաֆիկական ինքնադիմանկարները, 15 գեղանկարչական կտավ և հաստոցային դիմաքանդակի՝ հեղինակի երևանյան հավաքածուից ընտրանի, ինչպես նաև ՀԱՊ հավաքածուից երկու քանդակ:
n.nikoghosyan    Նիկոլայ Նիկողոսյանը առավելապես հայտնի է իբրև մոնումենտալիստ: Հիշատակենք միայն Երևանի խորհրդանիշների շարքը դասվող Միքայել Նալբանդյանի, Եղիշե Չարենցի հուշարձանները, Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների հուշարձանը Նալբանդյան գյուղում, Ավետիք Իսահակյանի հուշարձանը Գյումրիում, Մոսկվայի նշանավոր «ստալինյան բարձրահարկերից» մեկի ճակատային մոնումենտալ քանդակները և այլն: Այդ հուշարձանները կներկայացվեն լայնաֆորմատ թվային տպագրության միջոցով:
    Նախագծում փորձ է արվում տեսնել խորհրդահայ արվեստագետի ստեղծագործական ուղին պատմական լայն կտրվածքով՝ ստալինյան ամպիրից մինչև «ազգային մոդեռնիզմ» և ըմբռնել ամբողջատիրական մշակույթի համատեքստում նրա կայանալու և, միևնույն ժամանակ, օֆիցիոզը շրջանցելու ֆենոմենը: Հետազոտության մեջ նաև փորձ է արվում կապել արվեստագետի անձնական, մասնավոր պատումը մեծ պատումի հետ և ըմբռնել նրա ստեղծագործության մեջ դրանց արտացոլումը:
    Այսպիսով, հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու մեծ վարպետի ստեղծագործությունը հնարավորինս ամբողջական՝ ժամանակագրական, ժանրային, գեղարվեստական իր հարստությամբ: Նիկոլայ Նիկողոսյանի արվեստը այսպիսի ընգրկունությամբ Հայաստանում դեռևս չի ներկայացվել, իսկ այս առթիվ լույս ընծայված մենագրություն-պատկերագիրքը հայերեն լեզվով Հայաստանում տպագրված առաջինն է:
    Ողջ նախագիծը կյանքի է կոչվել բարերար, մեկենաս, ծագումով արցախցի մոսկվաբնակ Սարգսյան ընտանիքի ներդրման շնորհիվ: Նրանց ներդրման շնորհիվ է նաև Շուշիում վերականգնվել պատմաճարտարապետական հուշարձաններից մեկը՝ նախկին Հայ հոգևոր տեսչության տպարանի շենքը, որը 19 դարում հայկական երկրորդ տպարանն էր: Շենքը այսուհետ ծառայելու է որպես Շուշիի արվեստի կենտրոն, որտեղ և տեղի ունեցավ Նիկոլայ Նիկողոսյանի ցուցահանդեսը: Բացման արարողությանը ներկա էին Արցախի հանրապետության նախագահը և կառավարության անդամներ:     
    Նախագիծը համադրել և պատկերագիրքը կազմել է Լիլիթ Սարգսյանը: 
    Հավելյան տեղեկությունների համար զանգահարել (093) 28 22 05:
                                                                                                                                    Լիլիթ Սարգսյան