Երեք համերգ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում

TH_Vienna-Philharmonic
    «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը էստոնական «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» կազմակերպության հետ համատեղ հունիսի 12-14 կներկայացնի երեք համերգների շարք։ Այս մասին տեղեկացնում են փառատոնի կազմակերպիչները:
    Հունիսի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա աշխարհի լավագույն միջնադարյան երաժշտական խմբերից մեկը՝ «Հորտուս Մուզիկուս» անսամբլն անվանի երաժիշտ Անդրես Մուստոնենի ղեկավարությամբ։ «Հորտուս Մուզիկուս»-ը հյուրընկալվել է «Հեռանկարներին» 2007 թվականին։ Համերգին մասնակցելու են նաև հանրահայտ էստոնացի երգիչ Տենիս Մյագին, դաշնակահար Ալեքսեյ Բոտվինովը, թավջութակահար Բորիսլավ Ստրուլևը, Հայաստանի պետական կամերային նագախումբը՝ դիրիժոր Անդրես Մուստոնենի ղեկավարությամբ։
    Հունիսի 13-ին Վանաձորում ելույթ կունենա աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը համարվող Գրեմմի մրցանակակիր Էստոնիայի ազգային տղամարդկանց երգչախումբը։ Երգչախումբը հունիսի 14-ին ելույթ կունենա Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
    «Երևանյան Հեռանկարներն» այս տարի բացվել է ապրիլի 11-ին Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով։
    Կազմակերպիչները տեղեկացնում են, որ 2013թ. համերգաշրջանի շրջանակներում Երևան կայցելեն Դմիտրի Խվորոստովսկին և Կոնստանտին Օրբելյանը, «Շանհայ» լարային քառյակը, Յուրի Բաշմետը և «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը։ Փառատոնային տարվա, և ընդհանրապես՝ Հայաստանի մշակութային կյանքի գագաթակետերից է լինելու լեգենդար դիրիժոր Կլաուդիո Աբադոյի և Մոցարտ նվագախմբի այցը Երևան, որով և կեզրափակվի 2013թ. համերգաշարը։