ԵՐԵԿՈ ՓԵԼԵՇՅԱՆԻ ՀԵՏ

Artavazd-Peleshyan
«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ հանդիպում կինոյի վարպետ Արտավազդ Փելեշյանի հետ։ Հանդիպման ժամանակ ցուցադրվեցին Փելեշյանի «Բնիկները», «Տարվա եղանակներ», «Կյանք» և «Վերջը» ֆիլմերը։ Ցուցադրությունից հետո հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հարցեր ուղղելու սիրելի կինոռեժիսորին։ Cultural.am-ը գրի է առել հանդիպման ընթացքում հնչած ամենադիպուկ մտքերը։

Ես
Կիրովականցի եմ, բայց ծնվել եմ Գյումրիում։ Ավելի ճիշտ լոռեցի եմ։

«Կյանքը» և «Վերջը»
Նկարել եմ այն ժամանակ, երբ երկիրը դժվար վիճակում էր, մութ ու խավար էր։ Ես նկարեցի հույսի և լույսի, վերածննդի ֆիլմ նոր կյանքի համար։

Իմ խոսքը երիտասարդ ռեժիսորներին
Առաջին աշխատանքը շատ կարևոր է։ Մեծ ուշադրություն դարձրեք ձեր առաջին ֆիլմին։

Եթե ֆիլմերս նորից նկարեի ․․․
Լուսանկարների ալբոմը թերթելիս տեսա, որ երիտասարդ տարիներին բեղեր էի պահում, բայց ինչ միտք ունի հիմա այդ նկարները պատռելը։ Նույնը կասեմ ֆիլմերիս մասին․ երևի թե նույն կերպ կնկարեի։

«Բնիկների» մասին
Մենք նստած ենք այն ճյուղին, որը կտրում ենք մեր ձեռքով։

«Հայոց աշխարհ»
Գրել էի սցենար «Հայոց աշխարհ» ֆիլմի համար, բայց ֆիլմը չստացվեց։ Տարբեր պատճառներ կային, առաջին հերթին՝ ֆինանսական։ Հիմա մեծացել եմ, չեմ իմանում՝  ինչ պիտի անեմ։

«Փելեշյանի լռությունը»
Ինձ թվաց, որ այդ ֆիլմը կբացահայտի Փելեշյանի լռության պատճառները, բայց ռեժիսորը ինձանից բան սովորեց ու լռեց։

Սկզբում՝ թղթի վրա
Եթե ես չեմ տեսնում ֆիլմն ամբողջական, չեմ նկարում։ Պետք է թղթի վրա տեսնեմ ֆիլմի սցենարը, նոր սկսեմ նկարահանումը։

    Փելեշյանական երեկոն կազմակերպել էր ՀՀ մշակույթի նախարարությունը  «Օրդիլմ» ֆիլմարտադրող ընկերության աջակցությամբ։
Նյութը՝ Աննա Կարապետյանի
Լուսանկարը՝ Անի Ռափյանի