Երբ տարածությունն ու ժամանակը խոչընդոտ չեն

karen simonyan
   Այս հեղինակը ներկայացավ որպես փարիզաբնակ հայ, վտարանդի, մարդ, ում անցյալը անքակտելիորեն կապված է Հայաստանի հետ, հրաժարական տված` Հայաստանի Մամուլի և Հրատարակչությունների նախագահ, և վերջում միայն արձակագիր, որը հեղինակել է այսպիսի տողեր.
    «Եվ, ինչպէս միշտ, այս երեկոյ նոյնպէս, աշխարհն ասես ծածկուած էր լռութեան թափանցիկ սաւանով: Այդ լռութիւնը ինչ-որ ձայների համր ներդաշնակութիւն էր: Եթե փոքր ինչ լարես կամքդ, եթե տագնապներ ծնող մտքերդ կայծերի առատ շատրուանի պէս շաղ տաս կիսախաւարի մէջ. Ապա, անշուշտ, կը կարողանաս լսել զարմանալի, զարմանալի լռութեան գայթակղող շշուկները»:
 Արձակագիր Կարեն Ա. Սիմոնյանը բազմիցս ընկերաբար զգուշացրեց չգրել իր մասին, իսկ ընկերությունը սկսվեց պատմվածքների փոխանակումով:
    Արձակագրի «Վարսաթափ Ուռի, Դողդոջուն Եղեգն» պատմվածքը   «Մարգագետին» վիպակի հետ միասին թարգմանվել է ֆրանսերեն և տպագրվել «Dimension URSS» անթոլոգիայում ֆանտաստ գրականության Riviere Blanche ֆրանսիական հանրահայտ հրատարակչության կողմից: «Վարսաթափ Ուռի, Դողդոջուն Եղեգն» պատմվածքը գեղեցիկի և թախծի համաձուլվածք է, ուր Ներսես Մաժանը անդադար մտածում է հեռուներում թողած հայրենիքի մասին, իսկ կողքին, չգիտես որտեղից և ինչու, հայտնված կինն է: Կին, որ տանտիրուհի է և առեղծված, իսկ հանգուցալուծումը շարունակական կարոտն է և հանելուկ մնացող կին արարածը:
 «Եթե երկու խոսքով ասեմ, ապա իմ երբեմնի ֆանտաստիկան չդառնալով զուտ իրապաշտական, այժմ ներկայանում է իբրև գրական որևէ տեսակի, սեռի կամ ժանրի չպատկանող երույթ, որպիսին գուցե ավելի մոտ է մոգական ռեալիզմին, բայց այն տարբերութեամբ, որ միջավայրը կարող են լինել նաև տիեզերական հեռաստանները»,- նշեց Կարեն Ա. Սիմոնյանը:
    Հետաքրքրական է, որ չնայած «Սիցիլիական պաշտպանություն», «Ներսես Մաժան դեղագործը» վեպերը արտասահմանում ընդունվել են խանդավառությամբ, իսկ վերջինս լույս է տեսել նաև Լիտվայում, այնուամենայնիվ, ժամանակակից ընթերցողին քիչ բան է ասում այս անունը, որը 60-70-ականներին շատ սիրված ու ընթերցվող հեղինակ էր: Ու չնայած Կարեն Ա. Սիմոնյանը գրեթե համոզված է, որ Հայաստանում մոռացության է տրված իր գրականությունը, ուրախությամբ կցանկանայի նշել, որ վերջերս «Անտարես» հրատարակչության ջանքերով լույս ընծայված «Կայարան, xx դարի հայ պատմվածք» ժողովածուում ներառվել է նաև Կարեն Ա. Սիմոնյանը, ինչն անակնկալ է առաջին հերթին հեղինակի համար: Զրույցի ժամանակ գրքի կազմող, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն ասաց. «Կարեն Ա. Սիմոնյանը հայ արձակում առանձնանում է իր գիտաֆանտաստիկ պատմվածքներով, վիպակներով, վեպերով: Ընտրված ստեղծագործությունը գիտաֆանտաստիկ պատմվածքի նմուշ է, որտեղ այդ թեմատիկան ուղեկցվում է մարդկային հոգեբանության նուրբ լուծումներով»:
Արձակագիր, դրամատուրգ Դավիթ Մուրադյանը, որը երբևէ մտերիմ է եղել Կարեն Ա. Սիմոնյանի հետ, մեզ հետ զրույցում ասաց. «Հետաքրքիր գրող է, որը 60-70-ականներին ուներ իր ուրույն հասցեն գիտաֆանտաստիկ գրականության մեջ: Նրա ստեղծագործություններն ունեն սոցիալ-փիլիսոփայական ենթաշերտեր: Արժեքավոր է նաև մանկական գրականության մեջ: Ցավոք, Հայաստանից հեռանալուց հետո որևէ բան չգիտեմ և միայն մամուլից եմ տեղեկանում, որ շարունակում է տպագրվել»:
    Նշենք նաև, որ Կարեն Ա. Սիմոնյանը 70-ականներին հիմնադրել է 20-րդ դարի արձակի և պոեզիայի լավագույն նմուշների մատենաշար (Ստենբեկ, Ֆոլքներ, Հեմինգուեյ…), որը լուրջ խթան է եղել հատկապես հայ արձակի զարգացման համար:
   Այժմ, երբ կարդում եմ «Քարանձավային պատմություններ կամ 1993» պատմվածաշարը, անընդհատ հիշում եմ Կարեն Ա. Սիմոնյանի խոսքերը. «Ես ասելիք շատ ունեմ, քանի որ ոչ միայն ինքս եմ ազատ մարդ, այլև իմ գրականությունն է միշտ եղել ազատ»: Թերևս դժվար է վերջաբանի խոսքեր գտնել, որովհետև այս ամենը ինչ-որ բանի սկիզբ է նախանշում, այլ ոչ թե ավարտը:
                                                                           Լիլիթ Կարապետյան