«ԵՐԲ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՉԵՄ ԳՐՈՒՄ»․ ՆՈՒՆԵ ԼԵՎՈՆՅԱՆ

Nune-Levonyan
Ես սիրում եմ լքել,
Որովհետև ինձ դուր է գալիս դռան շրխկոցը թիկունքիս ետևում:
Ու երբեմն հաճելի է զգալ քամու սառնությունը՝
Տնից բաժանող հազարավոր կիլոմետրերի վրա:
Քեզ սիրելը նման է թրև գալուն
Անիմանալի ինչ-որ խաչմերուկներում,
                                                               Ուր սպիտակ դրոշակները օրհնություն են թափահարում
                                                                Ցանկացած վերջաբանով ճանապարհի:
                                                                Ես այլևս չեմ վերադառնա այնտեղ,
                                                                Ուր վերադառնում են՝ դառնացած հնարավոր հեռուներից:
                                                                Եթե անգամ քնով են ընկել հարբած հրեշտակները՝
                                                                Դռներ կան, որ բացվում են միայն հեռանալիս:
                                                                     Նունե Լևոնյան

     «Դասեր, որ պետք չեն գալու», այսինքն՝ փորձառություն, որ սխալվելիս քաղում ենք, բայց երկրորդ անգամ նույն դեպքը չի լինում, և փաստորեն չենք օգտագործում նախորդի փորձը,-նշում է համանուն գրքի հեղինակ Նունե Լևոնյանն ու ավելացնում,-գիրքը գրվել է հոգևոր զարգացման այն փուլում, երբ երիտասարդության ոգևորվածությունը մասամբ անցնում է, փոխարենը գալիս է ամեն ինչի հարաբերական, անցողիկ լինելու մտքի հետ համակերպումը»։
    «Դասեր, որ պետք չեն գալու» գրքի շնորհանդեսը այսօր տեղի ունեցավ «Հայ գիրք» գրախանութում։ Սա բանաստեղծի երկրորդ ժողովածուն է։ Նախորդը լույս է տեսել դեռ 2006 թվականին «Հույս» վերնագրով։ Հեղինակի խոսքով՝ նոր գրքի «Հետգրություն» անվանված հատվածը «Հույսի» շարունակությունն է։
    «Պոեզիան օրգանիզմի հավասարակշռությունը վերականգնող բան է։ Եթե մի բան ինձ հանգիստ չի տալիս, վերածում եմ բանաստեղծության։ Կարելի է ասել, որ բանաստեղծությունը կյանքի դեմ պայքարելու իմ ձևն է։ Ոգեշնչվում եմ իմ դժվարություններից։ Երբ երջանիկ եմ, չեմ գրում»,- անկեղծանում է Նունե Լևոնյանը։
     «Դասեր, որ պետք չեն գալու» բանաստեղծական ժողովածուն լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը։

Աննա Կարապետյան