ԵՐԲ ՉԽԿՉԽԿՈՑԸ ԿՐԱԿՈՑ Է ԹՎՈՒՄ

zaven-khachikyan-2016

Զավեն Խաչիկյանի այս գիրքը ամոթխած, պատկառող, այլև սիրող որդու վերաբերմունք է առ իր 1985-95 թթ․-ի հայրենիքը, առ մարդը՝ որ ենք ես և Դուք։

Հրանտ Մաթևոսյան


Արձակագիրը նման կարծիք է հայտնել վավերագրող լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի լուսանկարների գրքի մասին։

Նոյեմբերի 1-ին Հայաստանի պատմության թանգարանում կայացավ Խաչիկյանի «Սև, սպիտակ, եռագույն» գրքի շնորհանդեսը, բացվեց լուսանկարների ցուցադրություն։

Սա լուսանկարչի երկրորդ գիրքն է, բայց այս ուղղությամբ աշխատել է երկար տարիներ։ «Սև, սպիտակ, եռագույնը» հեղինակը նվիրել է ՀՀ Անկախության 25-ամյակին։

«Անկախությունը ամենօրյա աշխատանքով կառուցվող այս երկիրն է, փիլիսոփայական կատեգորիա, որը պետք է մարմին առնի, մեր դեպքում մի տեսքով, ամերիկացու, ֆրանսիացու դեպքում՝ մեկ ուրիշ։ Մենք պետք է ամենօրյա աշխատանքով, մտքի թռիչքով  կյանքի կոչենք այն»,-  Cultural.am-ի հետ զրույցում ասաց Խաչիկյանը։

Լուսանկարչի խոսքով՝ այս գրքով իր արխիվը չի սպառել․ մի շարք ազդեցիկ լուսանկարներ տեղ չեն գտել այստեղ։

Իր լուսանկարները Զավեն Խաչիկյանը բնութագրում է որպես մենքի տրանսֆորմացիայի ֆրագմենտներ։ Քարայրի բնակիչներից մինչև զինվորներ․ Արցախյան շարժման ու պատերազմի դրվագները լուսանկարիչը հիշում է մինչ օրս։

«Զինվորներից մեկը խնդրեց հիշատակի համար լուսանկարել, հետո մյուսն ասաց՝ ինձ էլ ավտոմատով։ Չըխկ, չըխկ, չըխկ։

Մարտակերտն այդ ժամանակ ռազմաճակատ էր։ Մի պահ չխկչխկոցն ինձ կրակոց թվաց։ Ինձ հանցագործ զգացի։ Մարմնովս դող անցավ։ Դաժան է, երբ զգում ես՝ հնարավոր է այդ մարդու վերջին լուսանկարն ես անում։

Երբ տարիներ անց գնացի Մարտակերտ, նայեցինք նկարները, փորձեցինք գտնել հերոսներին։ Պարզվեց նկարի ութ տղաներից չորսն արդեն չկան»,- մեզ հետ զրույցում պատմեց լուսանկարիչը։

Խաչիկյանի համոզմամբ՝ լուսանկարչության մեջ ամենակարևորը դեպի մարդը գնալն է, նրան լսելը, զգալն ու հասկանալը, մնացածը տեխնիկական հարցեր են։

«Ինձ համար ավանդական լուսանկարը թղթի վրա է։ Գիրք տպագրելը գրողների մենաշնորհն է։ Ես փորձեցի ալբոմ անել, որպեսզի ազատվեմ արխիվի բեռից ու գնամ առաջ, բայց պարզվեց՝ երբ սկսում ես մեծ պատասխանատվությամբ մոտենալ լուսանկարին, իր հետ ետ ու առաջ անել՝ սա կլինի, սա չի լինի, եթե սա, ապա սա, եթե-ապա-ների ընթացքում երկխոսություն, պատերազմ ինքդ քեզ հետ, և դառնում է գիրք»,- նշեց մեր զրուցակիցը։

 Զավեն Խաչիկյանի լուսանկարների ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում կգործի մինչ դեկտեմբերի 1-ը։ «Սև, սպիտակ, եռագույն» գրքի տպագրությունն ու ցուցահանդեսի կազմակերպումն  իրականացրել է «Մշակույթի և կառավարման լաբորատորիան» «Հարավային Կովկասի տարածաշրջանային արվեստ և մշակույթ» նախագծի շրջանակներում։

Նախագծի իրականացմանն աջակցել են Մշակույթի նախարարությունը, Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակը (SCO), Էդուարդ և Վերժին Մարլեանները (Սան Ֆրանցիսկո)։

Աննա Կարապետյան