«Երբ չեմ ստեղծագործում, վախենում եմ»

ani hovak
    Երկար տարիներ շարունակ Նարեկացի արվեստի կենտրոնը իր շուրջը միավորում է բազմաթիվ արվեստասերների՝ կազմակերպելով հետաքրքիր և յուրօրինակ միջոցառումներ՝ այդ թվում ցուցահանդեսներ և համերգներ: Հերթական ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 9-ին. այս անգամ Նարեկացի արվեստի կենտրոնը հյուրընկալել էր երիտասարդ ստեղծագործող Անի Հովակին: Եկեք ծանոթանանք..
ani-hovak    Անի Հովակը մասնագիտությամբ ֆլեյտահար է և հիմնական կրթությունը ստացել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Բնատուր տաղանդը  արվեստի ասպարեզում և երաշժտության աշխարհի հետ երկար շփումը չէր կարող աննկատ մնալ նրա կյանքում, այդ պատճառով այսօր Անի Հովակը ոչ միայն երգում է երգչախմբում, հանդես գալիս որպես ֆլեյտահար, այլև ցուցադրում է իր նկարչական կարողությունները՝ գրաֆիկական և կոլաժային ստեղծագործությունների տեսքով:
    Դեկտեմբերի 9-ին բացված ցուցահանդեսին Անիին ողջունելու էին եկել իր ընկերները «Հովեր» կամերային երգչախմբից և «Զանգակներ» խումբը, որոնց մասնակցությամբ ցուցահանդեսի բացումը «համեմվեց» երաժշտությամբ:  Բացման խոսքում Անի Հովակը նշեց, որ սա իր առաջին ցուցահանդեսն է և նվիրված է Սուրբ Ծննդյան տոնին: Ցուցադրվեցին մեկ տասնյակից ավելի ստեղծագործություներ՝ կոլաժներ և գրաֆիկական աշխատանքներ:
ani hovak    Առաջին իսկ հայացքից կարելի է նկատել, որ հեղինակն ունի եզակի և յուրահատուկ ստեղծագործական ոճ, որի առանցքն են կազմում վառ, տաք և բազմերանգ գույները, ինչպես նաև տարատեսակ արտահայտչամիջոցները: Անի Հովակը ցույց է տալիս, թե որքան գեղեցիկ և օգտակար կարող են լինել կենցաղում հանդիպող փոքրիկ առարկաները, որոնք, հաճախ, անուշադրության են մատնվում: Բայց չէ որ ստեղծագործողի աչքն աշխարհը տեսնում և ընկալում է այլ կերպ՝ սեփական աշխարհայացքից ելնելով: Հենց այդ ընկալումն է դրսևորվել Անի Հովակի ստեղծագործությունների մեջ, որոնց թեմատիկան բազմազան է՝ «Գիշեր», «Կին. առեղծված», «Սուրբ», «Մի գաղափարի շուրջ», «Հրեշտակ»  և այլն: Նրա ստեղծագործական ոճի ամբողջական և անմիջական պատկերացումը կարող եք ստանալ, եթե անձամբ այցելեք Նարեկացի արվեստի կենտրոն և դիտեք աշխատանքները, որոնց ցուցադրությունը բաց կլինի մինչև 2014 թ.-ի hունվարի 14-ը: Իսկ այն հարցին, թե ինչ է իր համար ստեղծագործելը, Անի Հովակը պատասխանեց՝ «ստեղծագործելն ինձ համար ապրելու պես մի բան է... երբ չեմ ստեղծագործում, վախենում եմ...»:
                                                                                     Սոնա Հայկազուն