ԵՊՀ-ն անմասն չի մնալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջացառումներից

hayagitakan
    Համալսարանականները ներկայացրին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում ԵՊՀ-ի կողմից իրականացվող միջոցառումները:
    Այսօր ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) քննարկումների սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսը վարեցին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ԵՊՀ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԵՊՀ ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանն ու ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը:
    «Հայտնի է, որ համալսարանականները միշտ էլ ակտիվ մասնակցել են Հայոց ցեղասպանությանն առնչվող միջոցառումներին, ինչպես նաև հանդես են եկել նախաձեռնողների դերում, ուստի Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Մայր բուհը չէր կարող անմասն մնալ»,- նշեց Կարեն Գրիգորյանը և հավելեց, որ 1960-ական թվականներին հենց համալսարանականների ջանքերով և վերջիններիս մասնակցությամբ տեղի ուենցան Հայոց ցեղասպանությանը նվիրված աննախադեպ ակցիաներ ու մի շարք միջոցառումներ:
    Այնուհետև ԵՊՀ ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը բավականին մանրամասն անդրադարձավ ՀՀԻ «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրին, Հայոց ցեղասպանության 100-ամյակի շրջանակում ԵՊՀ-Սփյուռք գործակցությանը, հրատարակած գրքերին ու աշխատություններին, ինչպես նաև ներկայացրեց genocide100.ysu.am և www.armeniansgenocide.am համացանցային նախագծերը:
    Մասնավորապես Մայր բուհը սույն տարվա ընթացքում կազմակերպելու է շուրջ վեց տասնյակ միջոցառումներ, այդ թվում՝ գիտաժողովներ, հանդիպումներ, քննարկումներ, դասախոսություններ, հուշ-ցերեկույթներ, ցուցադրություններ, այցելություններ և այլն:
    Հիմնական միջոցառումը կանցկացվի ապրիլի 21-ին, երբ հանդիսավոր արարողությամբ կբացվի ԵՊՀ երախտիքի ծառուղին: Նույն օրը ԵՊՀ գրադարանում տեղի կունենա նաև ցեղասպանության թեմային նվիրված սրահի բացում, որին կհաջորդի ԵՊՀ գիտխորհրդի ընդլայնված նիստը:
    Անդրադառնալով գիտական հետազոտություններին և հրատարակություններին՝ ՀՀԻ փոխտնօրենը շեշտեց, որ անդրադարձ է լինելու նաև Մեծ եղեռնի ականատեսների, տարբեր միջազգային հարթակներում հանդես եկած գործիչների աշխատանքների՝ Հայաստանում վերահրատարակման գործընթացին:
    «Ամեն կերպ փորձելու ենք տվյալ գրքերը հասանելի դարձնել և՛ ներքին, և՛ Սփյուռքի լսարանների համար: Հետազոտություններն իրականացնելիս հատուկ ուշադրություն ենք դարձրել այն գործերին, որոնք օտարալեզու են: Մասնավորապես այս պահին պատրաստում ենք և գրեթե ավարտին է հասցված Հայոց ցեղասպանության պատմաաշխարհագրական քարտեզը, որտեղ բացատրագրությունները նույնպես անգլերեն լեզվով են լինելու: Հրատարակման է պատրաստվում նաև Օսմաներենի դասագիրքը, որը նույնպես լուրջ ձեռքբերում է»,- նշեց Մհեր Հովհաննիսյանը:
    Բանախոսները տեսապատկերների միջոցով ներկայացրին համացանցային նախագծերը և ընդգծեցին, որ յուրաքանչյուր ոք կարող է «ԵՊՀ-ն հիշում է և պահանջում» խորագիրը կրող genocide100.ysu.am վեբկայքի միջոցով տեղեկանալ իրականացվող միջոցառումներին և մասնակցել դրանց:
    Հիշեցնենք, որ միջոցառումների կազմակերպման և համակարգման նպատակով բուհում ստեղծվել է հանձնաժողով, որը ղեկավարում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Համալսարանական հանձնաժողովում ընդգրկված են ոչ միայն պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, այլև վարչական աշխատողներ և ուսանողներ: