Էլիանա Բուրկին ներկայացնում է ալպհորն շվեյցարական ազգային փողային նվագարանը

2.05.14
    Առաջին անգամ Հայաստանում Էլիանա Բուրկին «ՕՐԿԵՍՏՐ+» նախագծի շրջանակներում ներկայացնում է ալպհորն շվեյցարական ազգային փողային նվագարանը: Համերգը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մայիսի 2-ին, ժ.19:00:
    Աշխարհի հեղինակավոր թատրոնների և համերգասրահների ցանկալի հյուր ալպհորնահար Էլիանա Բուրկիին երևանյան համերգում կընկերակցի Ազգային օպերայի և բալետի  թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:
    Էլիանա Բուրկին իր ծրագրում ալպհորնի միջոցով հայ հանդիսատեսի դատին է հանձնելու դասական, զաջային, արաբական էթնո երաժշտություն: Այս տաղանդավոր և հմայիչ շվեյցարուհին ալպհորն ինքնատիպ գործիքով փորձելու է մեկտեղել տարբեր մշակութների բազմաոճ արտահայտչաձևերը` հնարավորություն տալով ըմբոշխնելու ալպյան լեռների վեհանձնությունը:
 
    Ի դեպ, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Օրկեստր+» նախագիծը մեկնարկել է 2013թ. սեպտեմբերին: Նախագծի հեղինակ Շմավոն Գրիգորյանի և նախագծի երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանի նպատակն էր երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնել դասական արվեստի նկատմամբ տարբեր երաժշտական ուղղությունների և ժանրերի միջոցով: Այս նախագծին հրավիրված և´ օտարազգի, և´ հայ երաժիշտները ներկայացնում են հանրամատչելի երաժշտություն:
    Նախագծում հանդես են եկել 2013թ. սեպտեմբերին շվեյցարական «Authentic Light Orchestra» ջազ-ֆոլկ խումբը` ծրագրում ընդգրկելով նաև հայկական երգեր:
    2014թ. Լիբանանից մաեստրո Կարեն Դուրգարյանի հատուկ հրավերով Հայաստան ժամանեց Արևելքում ճանաչված դարբուկահար և երգահան Ռոնի Բարաքը` ներկայացնելու իր «Հայկական գեղեցկություն» ստեղծագործության առաջնախաղը, որով հեղինակը «լսելի» է դարձրել հայերի ներքին ու արտաքին գեղեցկությունը, ինչպես նաեւ ցեղասպանություն տեսած ժողովրդի հուզական ապրումները: Ռոնի Բարաքի մենահամերգի մյուս ստեղծագործություններին ընկերակցեցին հրավիրված երաժիշտներ՝ ջազ դաշնակահար Վահագն Հայրապետյանը, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը, կիթառահար Վահան Արծրունին եւ թառահար Միքայել Ոսկանյանը:
    Նույն ծրագրի շրջանակներում  ապրիլի 14-ին տեղի ունեցավ «Կադանս» անսամբլի  համերգը, եվրոպական, ամերիկյան, ռուս և հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին զուգահեռ ներկայացվեց Ա.Պիացցոլլայի «Տարվա եղանակները» ստեղծագործության համաշխարհային առաջնախաղը` Կարեն Անանյանի մշակմամբ: