Ելենա Բաշկիրովա. «Հայաստանում երաժշտական կյանքը եռում է»

bashkirova4
    Փետրվարի 2-ին Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 15-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակում հանդես կգա հանրահայտ դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան:
    Դաշնակահարուհին ծնվել է Մոսկվայում, սովորել Չայկովսկու անվան կոնսերվատորայում հոր` հայտնի դաշնակահար և ուսուցիչ Դմիտրի Բաշկիրովի ղեկավարությամբ: Առաջին անգամ երևանյան բեմում Ելենան ելույթ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` որպես մենակատար, իսկ այժմ արդեն տեղի կունենա նրա մենահամերգը:
    «Ես շատ-շատ ուրախ եմ, որ ոչ այնքան երկար բացակայությունից հետո կրկին այստեղ եմ: Հայաստանը շատ լավ երկիր է: Հիասքանչ քաղաք և հանդիսատես ունեք»,- իր տպավորություններով կիսվեց Ե. Բաշկիրովան` նշելով «Այստեղ` Հայաստանում երաժշտական կյանքը եռում է»:
    Թեև դաշնակահարուհու երաժշտացանկում այժմ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ չկան, սակայն նա հետագայում պլանավորում է սովորել. «Իսրայելում կամերային երաժշտության փառատոն եմ անցկացնում: Բացի հայերի և Հայաստանի հանդեպ իմ հուզական վերաբերմունքից, պետք է փաստեմ, որ հայերն իրապես շատ լավ երաժիշտներ են և փառատոնին նրանց ներկայությունը շատ կարևոր է»,- ասում է Ելենան:
bashkirova3    Փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը ներկայացրեց նաև «Երևանյան հեռանկարներ» մեծ բարեկամ Սոնիա Սիմենաուերին, ում հետ համագործակցության շնորհիվ շատ մեծ երաժիշտներ են գալիս Հայաստան:
    «Ես շատ երկար տարիներ աշխատել եմ այս հիասքանչ մարդկանց հետ: Հիշում եմ` ինչպես տարիներ առաջ Սոնան զանգահարեց ինձ, նրա ձայնը շատ հեռվից էր գալիս, առաջարկեց համագործակցել, ես համաձայնեցի` առանց Հայաստանի մասին որևէ բան իմանալու»,- նշեց Ս. Սիմենաուերը` հավելելով, որ առաջին անգամ Հայաստան արտիստ ուղարկելն իր համար նման էր որևէ մեկին լուսին ուղարկելուն. «Բայց համագործակցությունը շատ լավ ստացվեց և այն արդյունավետ ձևով շարունակվում է»:
    Հիշեցնենք, որ համերգային ծրագրում է Ֆ. Լիստ «Ուխտագնացության տարիներ», «Օբերմանի դաշտավայրը» շարքից, 2 լեգենդ 175 (լեգենդ 1), Ի. Ալբենիս «Իսպանիայի երգերը», op. 232, Գ. Ուստվոլսկայա «Սոնատ դաշնամուրի համար» թիվ 5, Պ. Չայկովսկի «Տարվա եղանակներ» օփ. 37 բ:                                                                                                                                             Օվսաննա Սիմոնյան