ՁԱՅՆԱՍԿԱԱՎԱՌԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՈՎՈՒՆՑ, ՀԻՆԴԵՄԻԹ

dzaynaskavarak
   Գերմանա-հայկական երաժշտական միության  գործունեությունն արդեն մի քանի տարի է, ինչ գրավում է գերմանական երաժշտական հասարակայնության ուշադրությունը: Միության կազմակերպիչն է ջութակահարուհի Անի Աղաբեկյանը, ով գերմանական երաժշտաքննադատության կողմից գնահատվում է որպես մեր օրերի մշակութային կյանքի սյուներից մեկը: Նման բնորոշման է արժանացել նաև մեկ այլ գերմանաբնակ տաղանդավոր հայ երաժիշտ, դաշնակահար Ռուբեն Մելիքսեթյանը, որի հետ միասին նրանք թողարկել են առաջին ձայնասկավառակը` նվիրված հայ և գերմանական երաժշտությանը: Ձայնասկավառակում ընգրկված են Պաուլ Հինդեմիթի, Գագիկ Հովունցի և Ալեքսանդր Հարությունյանի սոնատները ջութակի և դաշնամուրի համար: Ձայնասկավառակի շնորհանդեսը համերգային կատարումների տեսքով կայացավ 2015թ.-ի դեկտեմբերի չորսին Կարլսրուեյի Դուրլախ դղյակում, արժանանալով  ունկնդրի և երաժշտաքննադատների բարձր գնահատանքին: Երեկոյին առանձնահատուկ շուք հաղորդեց երաժշտագետ, Կարլսրուեյի կոնսերվատորիայի պրոֆեսոր Նաննի Դրեխսլերի ներածական խոսքը: Ի դեպ, սա հայ-գերմանական երաժշտության  երրորդ համերգաշրջանի եզրափակիչ համերգն էր:
    Գերմանա-հայկական երաժշտական միության գործունեությունը բազմակողմանի ընդգրկում ունի: Կազմակերվում են փառատոներ, մասնագիտական դասընթացներ, ծրագրվում են նաև հայ կոմպոզիտորների մասին երաժշտագիտական հրապարակումներ, ինչպես նաև պարտիտուրների տպագրություն: Այս ամենը ուղղված է մեկ գերագույն նպատակիˋ հայ և գերմանական երաժշտության փոխմերձեցմանը թեˊ կատարողական, թեˊ  ստեղծագործական ձեռքբերումների տեսանկյունից:
    Գերմանա-հայկական համերգաշարը հիմնադրվել է 2012թ.-ին և կազմում է միության գործունեության կարևոր մասը: Այսպես, վերջին երեք տարիների ընթացքում փառատոնին հրավիրվել են մի շարք հայ երաժիշտներ, այդ թվում դաշնակահար Հայկ Մելիքյանը, թավջութակահար Ալեքսանդր Կարախանյանը, սաքսոֆոնահար Կորյուն Ասատրյանը, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, ովքեր ելույթ են ունեցել գերմանական տարբեր կատարողական կազմերի հետ:  Հնչել է թեˊ գերմանական, թեˊ հայ երաժշտություն: Ակտիվ համագործակցության արդյունքում նաև գերմանացի երաժիշտներից շատերը ցանկություն հայտնեցին ելույթ ունենալ  Հայաստանում:  Այսպես սկիզբ առավ մասնագիտական դասընթացների շարքը կատարողների համար Հայաստանում, որոնց հրավիրվում են գերմանացի անվանի երաժիշտները: Հատկապես հիշարժան է  սաքսաֆոնահար Պետեր Լեհելի այցը 2015թ. Սեպտեմբերին, որի ընթացքում նա հանդես է եկել մասնագիտական դասընթացներով Երևանի Պետական Կոնսերվատորիայում, ինչպես նաև հայ երաժիշտների հետ համատեղ մի շարք համերգներով:
    Անի Աղաբեկյանը հատուկ ուշադրություն է դարձնում հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմանն ու տարածմանը: Այսպես, վերջին համերգաշրջանների ընթացքում հնչել են Վաչէ Շարաֆյանի, Գագիկ Հովունցի, Ալեքսանդր Հարությունյանի, Գրիգոր Հախինյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Այս գաղափարով է ներշնչված նաև վերջերս լույս տեսած ձայնասկավառակը: Ձայնասկավառակի թողարկումը կարևոր նպատակ էր հետապնդումկողք կողքի ներկայացնել հայ և գերմանացի կոմպոզիտորներին: Անիի ընտրությամբ ձայնասկավառակում տեղ գտան  Հարությունյանի, Հովունցի և Հինդեմիթի  սոնատները ջութակի և դաշնամուրի համար:
    Ալեքսանդր Հարությունյանի մեկ մասանի Սոնատ-պոեմը ջութակի և դաշնամուրի համար գրվել է 1985 թ.-ին և նվիրված է նրա առաջին կատարող` հայ անվանի ջութակահար Էդվարդ Թադևոսյանին: Իր գողտրիկ բնույթի, պարզ և քաղցրաշունչ մեղեդայնության շնորհիվ այս մեկմասանի կտավը կոմպոզիտորի կամերային-գործիքային երաժշտության ամենահաճախ կատարվող ստեղծագործություններից մեկն է: Իսկ Գերմանիայում ստեղծագործությունը հնչեց և ձայնագրվեց առաջին անգամ:
    Գագիկ Հովունցի սոնատը՝ գրված  2006թ-ին, նույնպես մեծ սեր է վայելում թեˊ հայ, թեˊ արտասահմանյան բեմերում:  Այն նվիրված է ջութակահար  Հրաչյա Հարությունյանին, սակայն առաջին անգամ կատարվել է Ալեքսանդր Բրուսիլովսկու կողմից 2007թ. Փարիզում և ձայնագրվել   Բրուսիլովսկու գլխավորած  "Suoni e colori" ֆրանսիական ստուդիայում: Այն պատկանում է կոմպոզիտորի ստեղծած ամենաազդեցիկ, զգացմունքային լիցքերով հագեցած գործերի շարքին: Նրանում կոմպոզիոտորն ընգծում է ջութակի նրբին ելևէջները,  սոնատի երեք մասերից յուրաքանչյուրում յուրովի բացահայտելով այդ գործիքի  զգայական արտահայտչականության եզրերը:
    Այս ստեղծագործությունների կողքին հնչում են նաև Պաուլ Հինդեմիթի առաջին (1918) և չորրորդ (1939) սոնատները ջութակի և դաշնամուրի համար: Այս սոնատների միջև ընկած է ոչ միայն ժամանակային մեծ տարածություն, այլև ոճական զգալի տարբերություն:  Սոնատ  op. 11 No. 1-ը (Es-Dur) ստեղծվել է 1918թ.-ին,  պատերազմյանտարիներիմռայլքաղաքական-հասարակականմթնոլորտում և առանձնանում է դեռևս ուշ ռոմանտիզմին բնորոշ ոճական հատկանիշներով: Սոնատն առաջին անգամ կատարել է ինքը` Հինդեմիթը, դաշնակահարուհի Էմմա Լյուբեկե-Ջոբի նվագակցությամբ 1919թ.-ին Ֆրանկֆուրտում:
    Չորրորդ սոնատը (in C) գրվել է  քսան տարի անց` շվեյցարական աքսորի ընթացքում:  Առաջին անգամ կատարվել է ստեղծումից շուրջ հինգ տարի անց` 1944թ.-ին Լիսաբոնում, ջութակահար Սիլվա Պերեյրայի և դաշնակահար Սանտիագո Կաստների կողմից: Այս սոնատում բացվում են Հինդեմիթի երաժշտամտածողության բոլորովին նոր շերտերˋ գերակշռող  պոլիֆոն մտածողությամբ, ընդլայնված տոնայնության սկզբունքի հիման վրա:
    Այսպիսով, ընդգրկելով տարբեր ազգության և ոճական պատկանելության սոնատներ, այս ուշագրավ ձայնասկավառակը ներկայացնում է ոչ միայն հայ և գերմանական կոմպոզիտորական մտածողության բնորոշ կողմերը, այլև ջութակի սոնատի ժանրի բազմատեսակ դրսևորումները քսաներորդ դարի երաժշտության մեջ:
Շուշան Հյուսնունց
երաժշտագետ