Դուք չեք կարող որոշել Հովհաննես Գրիգորյանի տեղը

hovh-grigoryan
    Բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանին կհուղարկավորեն քաղաքային պանթեոնում: Այդպես են որոշել: Որոշել են, որ նրա վերջին հանգրվանը իր փոքր Հայրենիքում պիտի քաղաքային պանթեոնը լինի, այլ ոչ թե Կոմիտասի անվան պանթեոնը, որտեղ ամփոփման վայրն է` հայ մշակույթի երևելի դեմքերի:
    Հրաչյա Աճառյանը, Կոստան Զարյանը, Երվանդ Քոչարը հասկանալի է` ինչ պատճառներով մերժվեցին: Նույնիսկ նրանց աճյուններն էր Հայաստանի խորհրդային իշխանությունը ցենզուրայի ենթարկել: Իսկ հիմա թվում է` անցել է այդ ժամանակը: Թվում է` նաև անցել է շինծու ու պաթետիկ կաղապարով բտված դասականության ժամանակը: Եվ ով ասաց, թե Կոմիտասի պանթոնում հանգրվանած գրականության մարդիկ, բոլորն անխտիր դասական են: Այդ հանձնաժողով կոչվածը, որ իրեն իրավունք էր վերապահել որոշել Հովհաննես Գրիգորյանի տեղը, պարզապես սարսափեց հենց այդ նույն «դասականության սինդրոմից»: Իրենք իրենց հիշելով, իրենց մահն ու իրենց վերջին տեղը ի նկատի ունենալով` հետ քաշվեցին, վախեցան, սեփական ձեռքերով ստորագրել Հովհաննես Գրիգորյանի տաղանդը, նրա իսկական արժեքը:
    Հանձնաժողովի հարգելի անդամներ, այսուհետ կարող եք ավելի անհանգիստ լինել և գիշերը տառապել մղձավանջներից: Հովհաննես Գրիգորյանը հայ դասական է: Հայ գրականության մեծերի շարքում նրա լինելիքը, նրա, լինելու տեղը վաղուց էր որոշված. վաղուց, երբ դուք դեռ դառնաղի տվայտանքների մեջ էիք: Եվ որոշել էին երիտասարդները. որոշել էր ժողովրդի այլևս սակավ հատվածը, ովքեր ոչ միայն կարդում են, այլ նաև ունակ են գնահատելու, համեմատելու և տալու ստեղծագործության էսթետիկական մեկնաբանում: Եվ դժվար թե Հովհաննես Գրիգորյանը մտահոգվեր ձեր կայացրած որոշմամբ:
    Նա գրում էր բանաստեղծությունները:
    Նա բանաստեղծ էր:
    Բանաստեղծի տեղը դուք որոշել չեք կարող: Որովհետև նա ինքը, հենց ինքն է սահմանում իր տարածությունը ու իր սահմանած տարածության մեջ որոշում իր տեղը:
                                                                                                                    Արամ Պաչյան