Դիպլոմային աշխատանքներում սեփական ձեռագիր կա

Avetiq_Avetisyan
    Մայիսի 22-30-ը ՀՀ նկարիչների միությունում անցկացվեց Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը:
    Դիպլոմային աշխատանքների պաշտպանության արդյունքների մասին զրուցեցինք ԵԳՊԱ-ի Դիզային և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանի և Կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանի հետ:
    Ավետիք Ավետիսյանի խոսքով՝ անցած տարիների աշխատանքների հետ համեմատած՝ այս տարվա աշխատանքներում թե՛ տեխնոլոգիական և թե՛ մտածելակերպի առումով դրական տեղաշարժ կար: Իհարկե, աշխատանքները պետք է գնահատել 50/50 հարաբերակցությամբ. կային շատ թույլ և շատ ուժեղ աշխատանքներ:
    Հավաքածուներից Ավ. Ավետիսյանն առանձնացրեց «Եգիպտոս» հավաքածուն, որի հեղինակը, դեկանի խոսքով, հրաշալի աշխատանք էր կատարել:
    «Միայն եգիպտական մշակույթին ծանոթ մարդը կարող էր նման էլեմենտներ օգտագործել՝ ազգային ավանդույթների հետ հաշվի նստելով: Եթե մի ժողովրդի տարազ ես ներկայացնում, պետք է ծանոթ լինես պատմությանն ու մշակույթին»,- ասաց Ավ. Ավետիսյանը:
Հաջորդ հրաշալի հավաքածուն, ըստ Ավ. Ավետիսյանի, ճապոնական ոճով հավաքածուն էր, որը ներկայացնում էր ազգային ավանդական տարազ՝ ժամանակակից տարրերով ձևավորված:
    «Օգտագործված էին այնպիսի ատրիբուտներ, զարդեր, որոնք ակնհայտ բնորոշում էին ճապոնական մշակույթը: Նշեմ, որ այդ զարդերն արված էին ակադեմիայի մետաղի լաբորատորիայում, որտեղ ուսանողներին հնարավորություն է ընձեռվում անձամբ պատրաստել զարդեր, մատանիներ, վզնոցներ և այլն»,- ասաց դեկանը:
    Խոսելով Դիզայնի ամբիոնի ուսանողների աշխատանքներից՝ Ավ. Ավետիսյանը շեշտեց, որ դրանց մի մասն արված էր ժամանակակից մարդու պահանջներին համապատասխան: Ուշադրության արժանի աշխատանքներից էին՝ տուրիստական պայուսակները, ճամփորդության համար նախատեսված կենցաղային ատրիբուտները, մանկական կահույքի, խոհանոցային կահույքի հրաշալի մոդեռն նախագծերը: «Այս տարվա դիպլոմային աշխատանքների մեջ հատկապես առանձնացավ Դիզայնի ամբիոնի ուսանող Արմեն Գևորգյանի նախագիծը, որն իրենից ներկայացնում էր փողոցների մաքրման, ինչպես նաև տերևների, ձյան հավաքման համար նախատեսված սարք»:
    Ինչպես նշեց Ավ. Ավետիսյանը, անցյալ տարվա հետ համեմատ այս տարի բավական լավ աշխատանքներ են ներկայացրել նաև Կիրառական արվեստի ամբիոնի ուսանողները: Դեկանը ցավով նշեց, որ ծանր իրավիճակ է նյութի հայթահյթման առումով, որից տուժում է խեցու բաժինը:
    «Եթե նախկինում մենք դրսից ստանում էինք կավի, ջնարակների անթիվ տեսակներ, այսօր ուսանողներն օգտագործում են այդ տարիների մնացած փշրանքները, որոնք հայթայթում են մեր դասախոսները, որպեսզի կարողանան խեցու բաժնի աշխատանքն ապահովել»,- ասաց Ավ. Ավետիսյանը՝ նշելով, որ չնայած այդ դժվարություններին՝ ապակու և ջնարակի, թրծված կավի հրաշալի կոմպոզիցիոն գործեր էր ներկայացրել ուսանողուհի Ռայա Բաբայանը:
    Դեկանը բարձր գնահատեց նաև Համակարգչային գրաֆիկայի բաժնի ուսանողների դիպլոմային աշխատանքները: Նրա խոսքով՝ աշխատանքների մեջ կային և՛ կենցաղին, և՛ ինտերիերին, և՛ էքստերիերին, և՛ արդյունաբերական գրաֆիկային համապատասխանող գործեր:
    Ավ. Ավետիսյանի դիտարկմամբ՝ մագիստրոսական կուրսի ուսանողների դիպլոմային աշխատանքները հաջողված չէին: Պատճառն այն է, որ այդ ուսանողներից շատերը երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու նպատակով են ընդունվել ակադեմիա և այդ երկու տարվա ընթացքում չեն հասցրել տիրապետել մասնագիտական հմտություններին:
    Ամփոփելով զրույցը՝ Ավ. Ավետիսյանն ուրախությամբ նշեց, որ լավագույն դիպլոմային աշխատանքների հեղինակները կդառնան Նկարիչների միության և Դիզայներների միության անդամ:
    Կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդվարդ Վարդանյանի կարծիքով այս տարվա դիպլոմային աշխատանքները, մասնավորապես բակալավրիական կուրսի, շատ գոհացնող են: Ավելին, Գեղանկարի բաժնի մի ուսանող արժանացել է Իսաբեկյանի անվան մրցանակի, քանդակի բաժնի մի ուսանող Արա Սարգսյանի մրցանակի:
    «Անբավարար աշխատանքներ չկային, հանձնաժողովը գոհ էր: Կարծում եմ՝ հանձնաժողովի նախագահի՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի՝ նախարարություն ներկայացվող զեկուցագրում դա կարտացոլվի: ԵԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանը նույնպես դրական արձագանքեց: Երեք և կես տարի ուսումնառությունից հետո, կես տարի նվիրել դիպլոմային աշխատանքին և նման արդյունքի հասնել, իսկապես դրական գնահատականի է արժանի»,- ասաց Է. Վարդանյանը: Ինչպես նա նշեց, աշխատանքները բազմազան էին թե՛ թեմատիկայով, թե՛ մտածելակերպով, թե՛ մոտեցմամբ և թե՛ մեկնաբանությամբ: Դիպլոմային աշխատանքներում շեշտը դրված էր սեփական ձեռագրի վրա, որը գնալով ավելի ինքնուրույն է դառնում:
Լիլիթ Վահանյան