Դիանա Համբարձումյան. «Կյանքն է գրում մարդու պատմությունը»

Diana Hambardzumyan1
   Այսօր Հայ-ռուսական սլավոնական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանի հետ: Հանդիպումը կազմակերպել էր լեզվաբան, համալսարանի դասախոս Ժենյա Ռոստոմյանը: Ներկա էին բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ Ազատ Եղիազարյանը, համալսարանի ուսանողներն ու հեղինակի ընթերցողները: Նախքան նրանց բազում և հետաքրքիր հարցերին պատասխանելը, Դիանա Համբարձումյանը համառոտ ներկայացրեց իր գրական ուղին. գեղարվեստական ստեղծագործություններից անցումը թարգմանական գործունեությանը, այդուհետ` գիտական հետազոտություններին և դարձյալ ամեն ինչ նորից:
    Ազատ Եղիազարյանը, խոսելով արձակագրի մասին, նախ նշեց, որ Դիանա Համբարձումյանը նոր շրջանի հայ գրականության մեջ իր սիրելի գրողներից է: Նա հիշեցրեց 90-ական թվականները, երբ օտար լեզվին տիրապետող գրողներ, գրականագետներ քիչ կային Հայաստանում,  Դիանա Համբարձումյանը եզակիներից էր, ով լրացնում էր այդ բացը, և գովելի է հատկապես այն փաստը, որ շատ լավ ծանոթ լինելով անգլալեզու գրականությանը` նա չտարվեց գրական նորաձևություններով, այլ պահպանեց իր ազգային մտածելակերպը:
    Ուսանողները Դիանա Համբարձումյանին բազմաթիվ հարցեր ուղղեցին ինչպես «Տասը լավագույն պատմվածք» երկլեզու ժողովածուում ընդգրկված պատմվածքների, այնպես էլ գրողի ստեղծագործական առանձնահատկությունների վերաբերյալ:
    Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին. «Գրականությունն արդյոք զե՞նք է, թե հայելի», Դիանա Համբարձումյանը նշեց, որ ո՛չ զենք է, ո՛չ հայելի: «Նախ, այն ինքնարտահայտման ձևերից մեկն է, քանի որ այդպես են կայանում. լինի գրող, թարգմանիչ, դերասան, երգիչ, նույնիսկ քաղաքական գործիչ: Գրականությունը զենք չէ, սառը զենք չէ առավել ևս, բայց այն մի շատ կարևոր «զենք է», որը շատ բան կարող է փոխել մեր ժամանակներում: Շատերն ասում են` եթե գիրը կարող է փոխել ինչ-որ բան, ապա այս ամբողջ ընթացքում ինչո՞ւ ոչինչ չփոխվեց: Մենք գիտենք համաշխարհային գրականության մեջ մեծանուն գրողների, և եթե նրանց գիրը մի բան փոխած լիներ, ապա պատերազմներ չէին լինի, ի վերջո, նրանց մեծ մասը խաղաղասեր գրողներ են եղել: Օրինակ` ֆոլքներյան գրականության մեջ կյանքը հանուն խաղաղության է, կամ մեր հայ գրականության մեջ արձակագիր Լևոն Խեչոյանը մի շատ հրաշալի գործ ունի «Հողի դողը», որտեղ թշնամու հետ հարաբերվելու ձևը ճիշտ, մարդկային ու ազնիվ է»:
   Ինչ վերաբերում է նրան, թե գրականությունը կարո՞ղ է արդյոք գործիք լինել, թե ոչ, Դիանա Համբարձումյանի կարծիքով այն չի կարող լինել այդպիսին. «Շատ տխուր կլիներ, եթե այդպես ընկալվեր գրականությունը: Բայց այն շատ հզոր է խոսքը տեղ հասցնելու իմաստով. խոսքը հզոր ուժ և էներգետիկ դաշտ ունի»:
     Ուսանողներից շատերն արդեն տեղյակ էին նրա այնպիսի թարգմանություններին, ինչպիսիք են Կուրտ Վոնեգուտի «Կապտամորուսը», Նոբելյան մրցանակակիր Ուիլյամ Ֆոլքների «Սարթորիս» վեպը և մի շարք այլ ստեղծագործություններ:
  Ինչ վերաբերում է հեղինակի ստեղծագործությունների թարգմանություններին, Դիանա Համբարձումյանը նշեց, որ երկար ժամանակ ինքն իր գործերը չի թարգմանել, բայց հետագայում տեսավ, որ դա համաշխարհային գրականության մեջ ընդունված գործունեություն է. օրինակ` Սամյուել Բեքետը գրել է թե անգլերեն, թե ֆրանսերեն, և այդ գործերը թարգմանել մյուս լեզվով, ինչն արդյունավետ է: Գուցե ինքն էլ կփորձի: Նա նաև տեղեկացրեց, որ իր ստեղծագործությունները նախաձեռնել են թարգմանել իր նախկին ուսանողները, ովքեր արդեն կայացած թարգմանիչներ են այժմ, և ում ինքը երախտապարտ է: Ուսանողների կողմից հնչեցրած հարցերից, թերևս, ամենաուշագրավն էր. «Արդյո՞ք մարդ ինքն է գրում իր կյանքի պատմությունը»: Դրան ի պատասխան գրողն ասաց. «Իմ կարծիքով կյանքն է գրում մարդու պատմությունը»:
                                                                                                                                         Անի Հակոբյան