Դիանա Համբարձումյանի «Հեռագիր Ֆաթիմային» պատմվածքների ժողովածուն ռուսերեն թարգմանությամբ լույս է տեսել Ռուսաստանում

Diana_Hambardzumyan
 Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում գործող «Վորոնեժ» հրատարակչությունն այս տարվա փետրվարին ռուսերեն թարգմանությամբ հրատարակել է հայ արձակագիր, թարգմանիչ Դիանա Համբարձումյանի պատմվածքների ժողովածուն: Գիրքը տպագրվել է 1000 օրինակ տպաքանակով, փափուկ և կոշտ կազմով: Ժողովածուն վերնագրված է պատմվածքներից մեկի համանունությամբ` «Հեռագիր Ֆաթիմային», որը հայ-ազերի հարաբերությունների յուրատեսակ մեկնություն է: Գիրքն ինքնին խորհրդանշական «հեռագիր» է ընթերցողներին, այս դեպքում` ռուս ընթերցողներին, որտեղ հաստատապես կգտնվեն նաև ազերի ֆաթիմաներ: Այս ժողովածուն ժամանակակից հայ գրողի պարզած սպիտակ դրոշն է, որ կարող է ազգամիջյան հարաբերությունների բարելավման առաջնաքայլ լինել գրական-մշակութային իրականության մեջ: Գրքում ընդգրկված պատմվածքներն առանձին-առանձին թարգմանվել են տասնմեկ լեզվով, սակայն սա հեղինակի առաջին օտարալեզու ժողովածուն է, որ հրատարակվել է Ռուսաստանում ռուսական հրատարակչության կողմից: Գրքի թարգմանիչներն են` Հասմիկ Գալստյանը, Գայանե Մարկոսյանը, Սոնա Բաբաջանյանը և Արաքսյա Ասլանյանը: Այն խմբագրվել ու սրբագրվել է հրատարակչությունում, իսկ շապիկին Սևադա Գրիգորյանի «Հարսնատես» նկարն է, որը շատ խոսուն  ու համահունչ է գրքի բովանդակությանը` ընդգծելով սերունդների փոխհարաբերություններն ու ավանդույթի դերը հայ ազգային մտածողության մեջ, որոնք գեղարվեստական վարպետությամբ արտացոլված են Դիանա Համբարձումյանի մի շարք պատմվածքներում` «Մարդու որդին», «Ես ու որդիս», «Հեռագիր Ֆաթիմային» և այլն:
     Գիրքը ռուս ընթերցողին է ներկայացրել գրականագետ Ելինա Օքսանա Նիկոլաևնան, որը Դիանա Համբարձումյանի արձակի նուրբ ու ճշգրիտ զգացողությամբ գրքի առաջաբանում գրել է. «Յուրաքանչյուր պատմվածք թողնում է վառ ու անանց տպավորություն, ինչը վկայում է հեղինակի գրական տաղանդի մասին: Ուզում եմ հուսալ, որ Դիանա Համբարձումյանի մյուս գործերը նույնպես կթարգմանվեն ռուսերեն, որպեսզի կարողանանք վայելել նրա ստեղծած կենդանի պատկերները և անցնելով նրա պատմվածքների միջով` մի պահ կանգ առնենք մեր անվերջ վազքում, գիտակցենք ու զգանք կյանքն ու մեր սիրելիներին»:
    Մեզ մնում է հաջողություն մաղթել հայ հեղինակի ռուսերեն գրքի երթին և միանալ ռուս գրականագետի վստահ կարծիքին. «Իմ կարծիքով Դիանա Համբարձումյանի առաջին գիրքը Ռուսաստանում, անկասկած, մեծ հաջողություն կունենա, իսկ հեղինակը ձեռք կբերի ամենատարբեր սերունդների շատ երկրպագուներ»: