«Ցուրտ կինը» ձեր գրասեղանին

Mane_Grigoryan
    Հոկտեմբերի 25-ին Իսահակյան փողոցի «ՀԱՅ ԳԻՐՔ» գրախանութում տեղի ունեցավ բանաստեղծ Մանե Գրիգորյանի գրքի շնորհանդեսը: «Ցուրտ կինը» Մանեի երկրորդ ժողովածուն է: Բանաստեղծուհու առաջին՝ «Սխալված աղավնիներ» գիրքը լույս էր տեսել 2007-ին: «Ցուրտ կինը» ամփոփում է Մանե Գրիգորյանի վերջին տարիների ստեղծագործությունները:
   «Ստացված գիրք է, և երևում է, որ Մանեն առաջին գրքից հետո լավ ճանապարհ է անցել, հղկել է իր ասելիքը, ոճը, արդեն գիտի, թե ինչ է ուզում պոեզիայից»,- նշեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:
    Մանե Գրիգորյանին շնորհավորելու և նրա պոեզիային հաղորդակից դառնալու էին եկել նաև նրա գրչակից ընկերները: Բանաստեղծ Լուսինե Եղյանն ընդգծում է, որ Մանեի պոեզիան ստիպում է զգալ ցավը իր բոլոր շերտերով, այն մտնում է արյան մեջ ու ստիպում հասանելի դառնալ հեղինակի ներաշխարհին:
    «Այսօրվանից «Ցուրտ Կինը» իմ գրասեղանի մի մասն է, և ես վստահ եմ, որ այս գիրքը կդառնա շատերիս գրադարանի անբաժան մասը:
    Cultural-ի անձնակազմը ևս շնորհավորում է բանաստեղծ Մանե Գրիգորյանին և մաղթում գրական երկար ճանապարհ:
Աննա Կարապետյան