Ցուցադրում են երիտասարդ մոդելավորողները

hagusti modelavorum
    Հունիսի 11-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում տեղի ունեցավ ակադեմիայի մոդելավորման բաժնի երրորդ կուրսի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին ներկայացված էին լավագույն էսքիզներն ու պատրաստի հագուստները, որոնք ուսանողներն ստեղծել էին ուսանողական 3 տարիների ընթացքում:
    Ինչպես նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ Լիլիթ Ավետյանը, ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել ուսանողների աշխատանքները, դրանց որակը ինչպես դասախոսական կազմին, այնպես էլ ցուցահանդեսին հրավիրված ապագա հնարավոր hagusti-modelavorumպատվիրատուներին՝ ցույց տալով երիտասարդ մոդելավորողների մտածողությունն ու ստեղծագործական մտքի թռիչքը:
    ԵԳՊԱ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Իսաբեկյանը, շնորհավորելով ներկաներին ցուցահանդեսի բացման առթիվ, նշեց, որ ուսանողների մասնակցությամբ ցանկացած ցուցահանդես ողջունելի է: Նրա խոսքով՝ ակադեմիայի ուսանողներն իսկապես շնորհալի են: Այդ են վկայում ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները:
    Մոդելավորման բաժնի պրոֆեսոր Նունե Աղբալյանն էլ նշեց, որ ամեն ինչ սկսվում է գաղափարից, եթե կա իդեա, այն անպայման կզարգացնի նաև ստեղծագործ ձեռքը, անգամ ռեսուրսների սակավության պայմաններում:
ԵԳՊԱ-ի լրագրող Լիլիթ Վահանյան