«ՑՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԾԻՏ» ՎԵՊԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԻՄՔ

es-busaker-em-nerkayacum
Ռեժիսոր Գագիկ Ղազարէն արձակագիր Արամ Պաչյանի «Ցտեսություն ծիտ» վեպի հիման վրա բեմադրել է «Ես բուսակեր եմ» ներկայացումը։ Ներկայացման պրեմիերան կայացել է անցած տարվա նոյեմբերին։
Մայիսի 25-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) հանդիսատեսը ևս մեկ հնարավորություն ունեցավ դիտելու ներկայացումը։ «Ես բուսակեր եմ» ներկայացման դերերում են Գայան Եղիազարյանը, Արթուր Շարոյանը և Օնիկ Ֆահրադյանը։

Արթուր Շարոյանը նկարիչ է։ Խաղացել է կարճամետրաժ ֆիլմերում։ «Ես բուսակեր եմ» ներկայացումը Շարոյանի առաջին դերասանական փորձն է թատրոնում։

Cultural.am-ի հետ զրույցում Արթուր Շարոյանը նշեց, որ մինչ ներկայացման առաջարկ ստանալը ծանոթ էր արձակագրի ստեղծագործությանը․ «Կարդացել էի Պաչյանի պատմվածքները։ Վեպը կարդացի առաջարկից հետո»։

Տասներկու տարի ՆՓԱԿ-ի թատրոնի բեմում է դերասանուհի Գայանե Եղիազարյանը։ Այս տարիների ընթացքում ներկայացրել է շատ դասականների՝ Թումանյանից մինչև Շեքսպիր։

«Եթե կերպարը սիրեցի արդեն  նշանակություն չունի՝ դասական, թե ժամանակակից հեղինակի գործ է։ Պրեմիերային շատ հուզված էի։ Մի հեղինակի գործ էի խաղում, ով ներկա էր լինելու, տեսնելու էր, պատասխանատու պահ էր։ Մտածում էի՝ հեղինակը կընդունի՞ կերպարս, թե՞ կհիասթափեցնեմ նրան»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանուհին։

Նկարիչ գործընկերոջ հետ համագործակցությունը Եղիազարյանին հեշտ է հաջողվել․ «Ներկայացման ժամանակ նայում եմ խաղընկերոջս աչքերին։ Եթե կոնտակտը ստացվեց, ուրեմն հաջողված խաղ է, եթե ոչ, պետք է ջանք թափել։ Արթուրի հետ խաղալը հեշտ է։ Ամեն փորձից հետո հարցում էի՝ ես քեզ զգում եմ, դու ինձ զգու՞մ ես,  անհանգստանում էի»։

Դերասանուհու համոզմամբ՝ հանդիսատեսը պիտի գա թատրոն, որ տեսնի և սովորի ժամանակակից դրամատուրգիա։

«Կարող ենք անընդհատ խաղալ դասականների, բայց չէ որ կան ժամանակակիցներ»,- ընդգծում է Գայանե Եղիազարյանը։

«Ես բուսակեր եմ» ներկայացմանը ներկա էր նաև արձակագիր Արամ Պաչյանը։ Արձակագիրը հետաքրքիր և ոգևորիչ է համարում այն հանգամանքը, որ անդրադարձ կա ժամանակակից գրականությանը։

«Ուրախ եմ, որ կա այս նախադեպը։ Լավ կլինի, եթե ժամանակակից գրականությանն ավելի հաճախ անդրադառնան»,- ասաց նա։


Աննա Կարապետյան