Չորս օր Պենդերեցկու հետ

Krzysztof-Penderecki
    Արդեն երրորդ անգամ Հայաստանում է անվանի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին: Այսօր «Քշիշտոֆ Պենդերեցկու Օրերը Հայաստանում» միջոցառումների շարքով սկիզբ կառնի «Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Հունվարի 13-16 օտարերկրյա առաջատար մենակատարների և Հայաստանի լավագույն կատարողների մասնակցությամբ հայ հանդիսատեսին կներկայացվեն մեծ կոմպոզիտորի երկու տասնյակից ավելի ստեղծագործություններ:
    «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խորհրդանշական համարեց այն հանգամանքը, որ հին նոր տարին սկսվում է Պենդերեցկու համերգով. «Տարին սկսում ենք պատմական կարևորություն ունեցող իրադարձությամբ: Հայաստանի մշակութային պատմության համար շատ կարևոր են «Պենդերեցկու օրերը»:
    Պենդերեցկի ամուսինները Հայաստան են բերել նաև գրքեր. «Առաջինը`Վարշավայում Պենդերեցկու 80-ամյակին նվիրված համերգի մասին է, իսկ մյուս գրքում նրա ընկերները, որոնք ևս անվանի կոմպոզիտորներ են, հղել են իրենց շնորհավորանքները նրա ծննդյան առթիվ»,- պատմեց Պենդերեցկու կինը՝ կոմպոզիտոր տիկին Էլժպիետա Պենդերեցկին, ով Վարշավայում կազմակերպել և իրականացրել է ամուսնուն նվիրված փառատոնը:
    Ինքը`Քշիշտոֆ Պենդերեցկին, խոստովանեց, որ շատ տպավորված է իր այցելություններով, այստեղի երիտասարդական և ֆիլհարմոնիկ նվագախմբերի որակյալ կատարումներով, մեր հանդիսատեսով: Հատկապես առանձնացրեց «Հովեր» երգչախումբը: Նա նշեց, որ շատ երգչախմբերի հետ է աշխատել, բայց «Ոչ մեկը այդ մակարդակը չի ունեցել»:
    «Ամեն անգամ Հայաստան վերադառնում եմ մեծ հաճույքով,- ասաց Ք. Պենդերեցկին,- ու հուսով եմ, որ այս այցերը շարունակական կլինեն: Այժմ ես պատրաստվում եմ սաղմոսի տեքստով ստեղծագործություն գրել երգչախմբի համար` Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ»:
   Հայաստանից հետո ամուսինները կմեկնեն Իսրայել, որտեղ արդեն 7-րդ անգամ կհնչի Պեդերեցկու «Ռեքվիեմը»:
    Համերգային ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
                                                                                                                              Աննա Կարապետյան