ՉՆԱՇԽԱՐՀԻԿ ԲԱՌԸ ԲՆՈՐՈՇՈՒՄ Է ԱՅՍ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ․ԹԻԱՆ ԷՐԼՈՒ

chinastan-erlu
Հովհաննես Թումանյանի թանգարանն այսօր մարդաշատ էր։ Թանգարան այցելած դպրոցականներին էին միացել մեծահասակները։ Առիթը «Չինական նրբագեղ ասեղնագործություն» խորագրով ցուցահանդեսի բացումն էր։ Թանգարանի հյուրերը ծանոթացան ներկայացված 40 աշխատանքներին, ինչպես նաև  հնարավորություն ունեցան տեսնելու դրանց ստեղծման ընթացքը։

Իաո Քինֆանգը տեղում աշխատում էր մետաքսաթելերի հետ։  Աշխատանքի արդյունքը, սակայն, տեսնել չկարողացանք։ Կտավները մանրակրկիտ և երկարատև աշխատանքի արդյունք են, դրանց ասեղնագործումն ամիսներ է տևում։

 «Չինական նրբագեղ ասեղնագործություն» խորագրով ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում Չինաստանի մշակույթի օրերի շրջանակում։ Մշակույթի օրերը Հայաստանի և Չինաստանի մշակույթի նախարարությունների համագործակցության արդյունք են։ Բացմանը ներկա էր նաև ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուն։

«Գիտեմ, որ երբ հայերը խոսում են զարմանալի մի բանի մասին, ասում են՝ չնաշխարհիկ։ Կարծում եմ՝ այդ բառը լիովին բնորոշում է մեր այս ցուցահանդեսը։ Բոլոր ցուցանմուշներն էլ գլուխգործոցներ են։

Չինաստանը ձևավորել է մետաքսի վրա ասեղնագործելու հին ու բարի ավանդույթներ։ Այս արվեստն ավելի քան 2000  տարվա պատմություն ունի։ Աշխատանքները առանձնանում են կատարման նրբությամբ և աննկարագրելի գեղեցկությամբ։ Իհարկե նման աշխատանքի համար մեծ ջանքեր են անհրաժեշտ, շատ ժամանակ և համբերություն»,-նշեց դեսպանը։

«Չինական նրբագեղ ասեղնագործություն» խորագրով ցուցահանդեսը  բաց կլինի մինչև հունիսի 17-ը։

Աննա Կարապետյան