«ՉՄԱՐԴԻԿ»․ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴՐԱՄԱ ՉԾՆՎԱԾ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

chmardik-drama
    «Ես երևի խելագարվեի քեզ համար, եթե դու ծնվեիր»։ «Չմարդիկ» ներկայացման գլխավոր հերոսի խոսքերն են։ Հերոսը բժիշկ է, որին անընդհատ զանգում են հղիության արհեստական ընդհատման խնդրանքով։ Բժիշկն ինքը բախվել է խնդրին դեռ մանկուց։ «Մայրս ուզում էր ազատվել ինձնից, բախտս բերեց՝ տղա էի»,- պատմում է հերոսը, որի մանկության խաղալիքները զինվորներն են եղել, ինչպես ինքն է ասում՝ «պստիկ պապաները»։ Իր զինվորին՝ հորը, հերոսը այդպես էլ չի հանդիպել․ նա զոհվել է պատերազմի ժամանակ։
    «Չմարդիկ»-ի պրեմիերան տեղի ունեցավ այսօր Դերասանի տանը։ Ներկայացման մեջ կան նաև երկու կին կերպարներ՝ չծնված աղջիկներ և, այսպես ասած, «չստացված տղաներ»։ Ներկայացման ողջ ընթացքում կանանցից մեկը բժշկի հետ է, թվում է՝ նրա կինն է, պարզվում է՝ կարող էր նրա կինը լինել, եթե ծնվեր։ Մյուս հերոսուհին ուզում է «Համլետ» խաղալ, տղայի նման լինել, տղա լինել, քանի որ աղջիկ լինելն «ընդունված» չէ։
00587    Պիեսի հեղինակը արձակագիր, դերասան Հովհաննես Թեքգյոզյանն է։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ չնայած թեման արդիական է Հայաստանի համար, բայց մնում է չշոշափվող․ «Տասնհինգ տարի առաջ այս թեմայով պատմվածք եմ գրել, հենց «Չմարդիկ» էր կոչվում, բայց դա կապ չունի պիեսի հետ։ Թեման ինձ շատ վաղուց էր հուզում։ Ուզում էի, որ միայն ծրագրային ներկայացում չլինի։ Փսիխոդրամա է։ Սա առիթ է, որ փսիխոդրաման որոշակիորեն մուտք գործի մեր այսօրվա թատրոն, քանի որ այդ ժանրը Հայաստանում գրեթե չի բեմադրվում»։
    Հ. Թեքգյոզյանը բեմադրությունը հաջողված է համարում․ «Ռեժիսորին հաջողվել էր բռնել այն զգացողությունը, որն ունեցել էի պիեսը գրելիս»։
    «Չմարդիկում» բժշկի կերպարը մարմնավորել է դերասան Արթուր Կարապետյանը։
   «Բժիշկը մասնագետ է, բայց նրա մեջ երկմտանք կա․ որպես բժիշկ պետք է օգնի, որ  մարդիկ լույս աշխարհ գան, ոչ թե հակառակը։ Դրա համար է ասում. «Տիկին,  սթափվեք, ախր մենք միասին սպանում ենք Ձեր երեխային»։ Իմ բժիշկն ունի այդ կռիվն իր մեջ»,- Cultural.am-ի հետ զրույցում նշեց դերասանը։
DSC00599    Արթուր Կարապետյանի համոզմամբ՝ մարդն իրավունք չունի խառնվելու Աստծո գործերին, իսկ կյանքը Աստծո պարգևն է․ «Ոչ միայն ֆիզիկական աբորտի, այլև բարոյական չափանիշների աբորտի մասին է։ Մեր միջից «աբորտ անելով» այդ չափանիշները՝ մենք դառնում ենք պրակտիկ, բայց շատ անհոգի մարդիկ»։
    Երևանյան պրեմիերայից հետո ներկայացումը կցուցադրվի նաև մարզերում։ Մինչև դեկտեմբեր «Չմարդիկը» տեսնելու հնարավորություն կունենան Գյումրիի, Վանաձորի, Էջմիածնի, Արմավիրի, Արտաշատի, Դիլիջանի և Գավառի թատերասերները։
    «Թատրոն 8» թատերախմբի համակարգող Լիլիթ Վերդյանը տեղեկացրեց, որ բացի «Չմարդիկ»-ից, մարզերում կցուցադրվի նաև «Ես կին եմ» ներկայացումը (ռեժիսոր՝ Սուրեն Շահվերդյան)։ Դերասանի տանը ներկայացումը կցուցադրվի նաև դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը։
    «Չմարդիկը» ներկայացրել էր «Թատրոն 8» թատերախումբը։ Դերերում էին Արթուր Կարապետյանը, Մարիանա Եղիազարյանը և Ժաննա Հովակիմյանը։ Պարերը բեմադրել էր Լուսինե Դավթյանը, իսկ ներկայացումը՝ Կարո Բալյանը։ «Չմարդիկը» իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։
Աննա Կարապետյան