Չենք թողնի, որ մեռնես

Hovh-Grigoryan
    Քնած եմ: Գիտեմ՝ Հովհաննես Գրիգորյանը էլ չկա, բայց շարժվում է, խոսում, ժպտում… իր նույն ժպիտով, որի մեջ աշխարհի հանդեպ տխուր հեգնանքը կա: Մտածում եմ` հարմար բառեր գտնեմ ու ասեմ, որ սիրում եմ իրեն, որ եթե դպրոցական պաթոսով մշուշված իմ ուղեղը չհանդիպեր գրիգորյանական պոեզիային, երևի մինչև հիմա կգոռար բանաստեղծություններ ու կսերտեր բառեր, բառեր, բառեր, որոնք ոչ մեկին ոչինչ չեն տալիս: Իսկ հիմա անգամ քո մահից հետո գոռալու բառեր չկան, որովհետև դա շատ բարձրագոչ ու անիմաստ կլինի քեզ համար, ու հաստատ մատդ թափ կտաս, ու ժպիտիդ մեջ նորից այդ տխուր հեգնանքը կծիկրակի: 
    Բայց դու նա ես, ով կարողանում է տեսնել մարդուն իր մանրամասնություններով՝ լացի ու ողբի, գոռոցի ու շշուկների ետևում թաքնված մարդուն: Ու ողբը ալիքվում է ներսումդ իր ամբողջ ուժգնությամբ, ու զարմանալին այն է, որ ոչ մի ողբացող բառ չի ընկնում ատամներիդ տակ: 
    Հովհաննես Գրիգորյանը կա: Իր մասին աղոթելիս ես նայեցի շուրջս ու տեսա, որ մարդկանց դեմքերին, ովքեր մտերիմ էին նրան ու նրա գրականությանը, խաղում էր տխուր ժպիտը, որովհետև բոլորս տեսնում էինք երկու հակառակորդ զինվորների, որոնցից ամեն մեկն ուներ իր գեներալը, և որոնք փորում էին իրենց խրամատները, ճշգրիտ նշանառությամբ իրար վրա կրակելու համար, մենք տեսնում էինք թագավորին, որ մերկ էր ու փրչոտ, և բանաստեղծի երկինք բարձրացող հոգին էինք տեսնում: Եվ ես մտածում էի՝ ինչ ավելորդ և անիմաստ են հրաժեշտի բառերը. քանի ապրում է գրիգորյանական բանաստեղծության մարդը, ապրում է և հենց ինքը բանաստեղծը:
    Հովհաննես Գրիգորյանի մարմինը, եթե անգամ թաղվեր խուլ գյուղում գտնվող ինչ-որ ծառի տակ, միևնույն է, ոչինչ չէր փոխվի. նա հաստատ գրել է հենց այդ ծառի մասին, նա Հովհաննես Գրիգորյանն է, բանաստեղծ, ում գիրքը կարող ես ձեռքդ վերցնել, և պատահականության սկզբունքով բացած ցանկացած էջ կլինի լավագույնը: 
    Երբ Հովհաննես Գրիգորյանը չթաղվեց Կոմիտասի անվան պանթեոնում, շատերը հանգստացան... և հոգեհացին կարող էին հանգիստ բաժակ բարձրացնել և խոսել բանաստեղծի մասին, ում վաստակը գրականության մեջ մեծ է և անգնահատելի…
    Չափից դուրս շատ է մշակված ձեր ձայնը…
   Հովհաննես Գրիգորյանին պանթեոնում չթաղելու որոշումը նրանցն էր, ովքեր չկարողացան հաշտվել Հովհաննես Գրիգորյանի չմեռնելու հետ: 
    Գիտեմ, որ՝ Փողոցներում
    կամաց-կամաց իջնում են վարագույրները,
    և կամաց-կամաց փակվում է բեմը.... 
   Բայց բեմից դուրս դու կաս, որովհետև գիտես, որ երբեք, երբեք չենք թողնի, որ մեռնես... 
                                                                                                                Մանե Գրիգորյան