«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՁԱՆՁՐԱՆԱԼ»․ ՌՈԲԵՐՏ ՍՏՈՒՐՈՒԱ

shekspiryan-paraton-2016
 «Այսօր թատրոնում տարօրինակ բան է կատարվում։ Թատերագետները նայում են ներկայացումը, և եթե այն ձանձրալի չէ,  կարծում են, որ դա այնքան էլ լավ ներկայացում չէ։ Ձանձրույթը դարձել է ժամանակակից ներկայացումների  էսթետիկան։ Եթե ձանձրալի չէ, ուրեմն ինչ-որ բան լավ չէ։
Չեմ սիրում թատրոնում ձանձրանալ։ Ինչպես ասում են ֆրանսիացիները՝ բոլոր ժանրերն էլ լավն են, բացի ձանձրալիից»,-  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխարհահռչակ բեմադրիչ Ռոբերտ Ստուրուան։

Հոկտեմբերի 20-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Ստուրուայի բեմադրած «Հուլիոս Կեսար» ներկայացմամբ մեկնարկեց Շեքսպիրյան 12-րդ միջազգային թատերական փառատոնը։

«Հուլիոս Կեսարը» Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնի ներկայացումներից է։ Բեմադրվել է մեկ տարի առաջ։ Օտարերկրյա հանդիսատեսին է ներկայանում առաջին անգամ։

Այս տարի Շեքսպիրյան փառատոնը կհյուրընկալի շուրջ 130 թատերական գործչի աշխարհի 15 երկրներից՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Նիգերիայից, Ալժիրից, Մոնղոլիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից և այլն:

Փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանի ղեկավարությամբ կանցկացվի միջազգային թատերական նախագիծ։ Նախագծի շրջանակում Հայաստանի, Ալժիրի, Ռումինիայի, Նիգերիայի, Բրազիլիայի և Մոնղոլիայի արտիստները հանդես կգան Շեքսպիրի «Փոթորիկը» պիեսի մոտիվներով բեմադրված համատեղ ներկայացմամբ։

 «Մենք սկսեցինք այդ պիեսից և հնարավոր է, որ գնացինք մեկ այլ տեղ, մեկ այլ ուղղությամբ։ Ամեն դեպքում նախագիծը հետաքրքիր է նրանով, որ ընդգրկված են դերասաններ վեց երկրից, այնպիսի երկրներից, որտեղից սովորաբար շատ քիչ մարդ է գալիս մասնակցելու թատերական փառատոների։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ենթակայության տակ գտնվող Թատրոնի միջազգային ինստիտուտի ղեկավարը երեկ դիտեց ներկայացումն ու ինձ ասաց, որ այն պետք է ցուցադրել հնարավորինս շատ երկրներում»,- Cultural.am-ի հարցին ի պատասխան նշեց Հակոբ Ղազանչյանը։

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական ակադեմիական թատրոնից բացի փառատոնի շրջանակներում ներկայացումներով հանդես կգան Ուլյանովսկի Ի. Գոնչարովի անվան դրամատիկական, Վոլոդիմիր Զավալնյուկի «Պերետվորենիե», «Մաստերսկայա» թատրոնները, ինչպես նաև Ստանիսլավ Սոյկա և Կրակովի երգիչներ երաժշտական խումբը։ Երևանյան թատրոններից փառատոնում ընդգրկվել են Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և այլ թատրոններ:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտել դրամատիկական, երաժշտական, մոնոներկայացումներ, ֆիզիկական շարժման ներկայացումներ:

Աննա Կարապետյան