«ԾԱՂՐԱՍԱՐՅԱԿ ՍՊԱՆԵԼԸ» ԵՎ ԱՅԼ «ՄԵՂՔԵՐ»

Harpr-Li
    «Երբ դպրոցական տարիքում դիտեցի «Ծաղրասարյակ սպանելը» գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը, այնքան տպավորվեցի, որ որոշեցի՝ պետք է դատապաշտպան դառնամ և պաշտպանեմ սևամորթների իրավունքները»,-անկեղծանում է գրականագետ Հայկ Համբարձումյանը։
    Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը» վեպը հայերեն հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը։ Գրքի շնորհանդեսը կայացավ «Լոֆթ» կենտրոնում։
    196Սա գրքի առաջին թարգմանությունն է բնագրից։ 1965 թ․-ին այն թարգմանվել էր, բայց ռուսերեն տարբերակից։ Գիրքն անգլերենից թարգմանել է Արամ Արսենյանը։ Նրա խոսքով բնագրից թարգմանելը ավելի ճիշտ մոտեցում է, նոր թարգմանությունն էլ ավելի մոտ է մեր այսօրվա բառապաշարին։
    «Երեխաների բառապաշարի համար ուսուցիչներ ունեի՝ թոռնիկներս, նաև իմ տարիների աշխատանքը մանկավարժության ոլորտում։ Կարողացա երեխայի մաշկի մեջ մտնել, միայն այդ ձևով կարող է ճիշտ վերարտադրել։ Գիրքը պետք է կարդան մանուկները, պատանիները, իսկ մեծերը պետք է վերընթերցեն մի քանի անգամ, որ ավելի լավ ճանաչեն երեխայի հոգեբանությունը»,-նշեց նա։
    Արսենյանի կարծիքով Լին պայքարում էր ոչ միայն ծաղրասարյակ սպանելու, այլ մի քանի այլ երևույթների դեմ․«Ծաղրասարյակ սպանելը մեղք է, բայց ավելի մեծ մեղք է մանուկ հոգիները խաթարելը, հեքիաթին հավատալու անխառն զգացումը խեղդելը, մանկական երազանքները կյանքի դառն իրողություններով սպանելը։ Սրա դեմ է ընդվզել Հարփըր Լին»։
    197Գրքում շոշափվող հիմնական թեման ռասսայական խտրականությունն է։ Գրականագետ, բանաստեղծ Վահե Արսենն ասում է, որ չնայած թեմային անդրադարձել են բազմաթիվ հեղինակներ, բայց Լին ավելի հեռուն է գնացել։
 «Ոչ միայն ռասսիզմի, այլև առհասարակ մարդու խնդիրն է։ Երբ ուշադիր հետևում ենք հերոսների ներքին զարգացմանը, տեսնում ենք, որ նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ տեղ սայթաքում է կյանքում, ոչ մեկն անմեղ չէ, բոլորը ինչ-որ տեղ ծաղրասարյակ են և սպանում են ծաղրասարյակ։ Ծաղրասարյակը մարդու խորհրդանիշն է։ Վեպը մեծ արձագանք է գտել ոչ միայն Ամերիկայում, այլև ամբողջ աշխարհում, որովհետև յուրաքանչյուրը իր մի մասնիկը գտնում է գրքում»,-ասաց նա։
Աննա Կարապետյան