Ծաղրածուն աշունը սրտում. մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը

DSCF0196

   Երևանի մնջախաղի պետական թատրոնը օգոստոսի 10–15-ը Ծաղկաձորում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Ծաղկաձորի քաղաքապետարանի հովանավորությամբ կանցկացնի Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 4-րդ փառատոնը, որը կրում է «…Աշունը սրտում...» խորագիրը:     

   Կիրակի օրվանից Ծաղկաձորին տոնական տրամադրություն հաղորդող փառատոնի մասին լրագրողների հետ այսօր զրուցեցին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը և Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանը:

   Մնջախաղի միջազգային փառատոնը հիմնադրվել է 2008 թվականին և անցկացվում է 2 տարին մեկ անգամ՝ Ծաղկաձորում, բացօթյա բեմահարթակների վրա: 2010 թվականից այն կրում է Լեոնիդ Ենգիբարյանի անունը: Մնջախաղի միջազգային փառատոնի նպատակն է հայ արվեստասերներին ներկայացնել արտերկրի լավագույն մնջախաղի թատերախմբերին և անհատ մնջախաղացներին: 2008 թվականից մինչ օրս փառատոնին մասնակցել են ավելի քան 20 երկրի մնջախաղի ժանրի թատերախմբեր, ինչպես նաև հայաստանյան թատերախմբեր և անհատ կատարողներ:

   2014 թվականին միջազգային 4-րդ փառատոնին մասնակցության հայտ ներկայացրել են Ճապոնիայից, Ֆրանսիայից, Իրանից, Թայլանդից, Գերմանիայից՝ անհատ կատարողներ և թատերախմբեր: Փառատոնին կմասնակցեն նաև հայաստանյան երիտասարդական թատերախմբեր և անհատներ ինչպես մնջախաղի, այնպես էլ կրկեսային, պարային և պլաստիկ ժանրերի: Կանցկացվեն վարպետության դասեր պրոֆեսիոնալների և հանդիսատեսի համար:

   Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա օգոստոսի 10-ին՝ ժամը 21:00-ին,  Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում (գլխավոր հրապարակ), փակման արարողությունը` օգոստոսի 14-ին՝ ժամը 22:30-ին, նույն վայրում:

   Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ: