Բյուրոկրատի ծնունդը

13529905690
    Մի քանի օր առաջ երևանյան գրախանութներից մեկը նշեց իր տարեդարձը: Բյուրոկրատ գրախանութը դարձավ երկու տարեկան: 
    Ինչպես իր ֆեյսբուքյան գրառման մեջ էր նշել գրախանութի հիմնադիր տնօրեն Սամվել Հովհաննիսյանը, «Իմ ամենահամարձակ երազում չէի կարող պատկերացնել, որ Երևանում, ուր կարծես թե ամեն ինչ վաղուց հայտնի է ու բոլորը-բոլորին գիտեն, կարող էր նման մի երևույթ ծնվել»:
    Այդ օրը գրախանութ էին այցելել բոլոր գրքասերները, գրախանութի ընկերներն ու բարեկամները` միասին տոնելու նրա տարեդարձը: Կազմակերպվել էի մրցույթներ, խաղեր, որոնց հաղթելու դեպքում ընթերցողները ստացան անակնկալ նվերներ: 
    Գրախանութի փոխտնօրեն Շուշան Արզաքանյանը շատ էր հուզված: Նա նշեց, որ իր համար շատ ուրախալի է այն փաստը, որ իրենց ընթերցողները ոչ միայն պարզապես սիրում են գրախանութը, այլև իրենցն են համարում. «Պարզվեց մենք ահագին մեծ բանակ ունենք համակիրների, բարեկամների, նույնիսկ, կասեի, երկրպագուների: Որովհետև, երբ ես ամեն անգամ ասում եմ, որ մեր այս դժվար ժամանակներում շատ դժվար է գրախանութ պահելը, և որ պետք է փակենք այն, բոլորն ասում են` մեր խանո՞ւթը… դուք իրավունք չունեք փակեք այն: Իրենցն են համարում գրախանութը, գիրքը: Մեր ժողովրդին շատ հատուկ` գրքերի հանդեպ սերը, պաշտամունքը, ուշադրությունը և վերաբերմունքը փաստորեն շարունակվում է: Մարդիկ սիրում են այն վայրը, որտեղ վաճառվում է գիրքը, ներկայացվում է գիրքը»:
    Շուշան Արզաքանյանը տեղեկացրեց, որ իրենք աշխատում են իրենց այցելուների համար միշտ նորություններ ուննենալ և պարբերաբար Հայաստան են ներկրում ամենաուշագրավ գրքերը:
    Սակայն ցավով նշեց, որ տեղի խնդիր ունեն և հայկական գրքերին պատշաճ ուշադրություն չեն կարողանում հատկացնել. «Երբեմն մենք ստիպված ընտրում ենք, թե որ գիրքը վերցնենք վաճառքի, որը չվերցնենք»:
    Այս երկու տարիների ընթացքում Բյուրոկրատ գրախանութը հասցրել է կազմակերպել տասնյակ ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, ինչպես նաև դասախոսություններ, որոնք, ինչպես նշեց փոխտնօրենը, գալիք տարվա ընթացքում, անշուշտ, շարունակվելու են: 
    Գրախանութի ցանկությունն է վերականգնել գրքի հանդեպ հարգանքը, նպաստել գրքի տարածմանն ու ստեղծել լավագույն պայմանները, գրքի շուրջ հավաքվելու, գրքից հաճույք և օգուտ քաղելու արվեստի վերածնմանը:
                                                                                               Անի Հակոբյան