ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԻ ԵԼՈՒՅԹԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

bulgaria-choir
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հանդես եկան բուլղարական «Անգել Մանոլով» ակադեմիական և «Չեմերիկա» ֆոլկ երգչախմբերը։ Երգչախմբերը կատարեցին ինչպես բուլղարական, այնպես էլ հունական, սերբական և այլ ժողովրդական երգեր։ Համերգային երեկոն եզրափակեցին «Էրեբունի-Երևան» ստեղծագործությամբ։

 «Անգել Մանոլով» (1933) ակադեմիական և «Չեմերիկա» (1944)  ֆոլկ երգչախմբերը վերջին 18 տարիներին ղեկավարում է միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիր Դարենա Պոպովան։

«Հայրս զինվորական է, մայրս՝ տնտեսագետ։ Սկզբում դաշնամուր էի նվագում։ Երաժշտական դպրոցում էի սովորում, երբ զգացի, որ երգչախմբային արվեստն ավելի հոգեհարազատ է ինձ»,- համերգից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Պոպովան։

Բուլղարացի խմբավարը հայ երաժշտությանը շատ ծանոթ չէ․ «Արամ Խաչատրյանին գիտեմ։  Հիմա երգչախմբերի հետ մասին ծանոթանում եմ Կոմիտասի կյանքին ու ստեղծագործությանը»։

Երգչախմբերի համերգը Հայաստանում կազմակերպվել էր Հայ-բուլղարական մշակութային համագործակցության ծրագրի շրջանակում։ Առավոտյան խմբերը հասցրել էին ելույթ ունենալ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

«Համերգներ կազմակերպելու նախաձեռնությամբ Մշակույթի նախարարությանն է դիմել Հայաստանում Բուլղարիայի դեսպանությունը՝ նշելով, որ խմբերը ցանկություն են հայտնել անպայման այցելել Հայաստան և համերգներով հանդես գալ։

Խմբերը մեծ հեղինակություն են վայելում Բուլղարիայում, հանդես են եկել աշխարհի գրեթե բոլոր լավագույն բեմերում և իրենց կատարողական արվեստով զարմացրել, հիացրել երաժշտական հասարակությանը։ Չգիտեմ՝ որքանով հայ հանդիսատեսին հետաքրքիր կլինի Բուլղարիայի երգչախմբային արվեստը, բայց այն համերգային ծրագիրը, որով մեր բուլղարացի գործընկերները ներկայանում են Հայաստանում, յուրօրինակ է ու հետաքրքիր»,- մեզ հետ զրույցում նշեց Մշակույթի նախարարության Արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։

Սահակյանը տեղեկացրեց, որ փորձում են ձեռք բերել պայմանավորվածություններ Հայաստանի երգչախմբերի գեղարվեստական ղեկավարների հետ երկու երկրների երգչախմբային արվեստի ներկայացուցիչների կամ ղեկավարների համատեղ հանդիպում-քննարկում կազմակերպելու համար։

 «Կարծում ենք, որ արդյունքում կծնվի նաև համատեղ ինչ-որ ծրագիր։ Կփոխանակվեն ոչ միայն անհրաժեշտ նոտաներ, երաժշտություն կամ կոմպոզիտորների անուններ, այլև միգուցե մեկ-երկու տարի հետո ծնվի համատեղ երգչախմբային ծրագիր, որով կարող են հանդես գալ և Հայաստանում, և Բուլղարիայում»,- ասաց Սահակյանը։

Հարցին, թե նախատեսվում են արդյոք հայաստանյան երգչախմբերի ելույթներ Բուլղարիայում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո, մենք նման առաջարկություն կանենք մեր բուլղարացի գործընկերներին։ Ենթադրում եմ, որ նրանք նույն հետաքրքրությունը կունենան, և մենք կփորձենք հաջորդ ծրագրերում, որոնք պետք է ունենանք Բուլղարիայում, ներառել նաև մեր երգչախմբերը»։

Աննա Կարապետյան