ԲՈՐԻՍ ԷՅՖՄԱՆ. «ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԱՎՈՒՄ Է ԻՆՁ»

Boris-Eyfman
«Ասում են՝ սկզբում բանն էր (խոսքը), բայց ինձ համար սկզբում շարժումն էր»,- Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Սանկտ-Պետերբուրգի բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Բորիս Էյֆմանի խոսքով նույնիսկ երեխան դեռևս սաղմնային փուլում, առաջին բանը, որ անում է՝ շարժումն է:

Սիբիրում ծնված բալետմեյստերը առաջին անգամ Հայաստան է եկել 1971 թվականին՝ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ. դիպլոմային աշխատանքն էր պատրաստում՝ «Գայանե» բալետը: Պատմում է. «Երբ Արամ Իլիչին հայտնեցին, որ մի երիտասարդ խորեոգրաֆ ցանկանում է հանդիպել իր հետ «Գայանեն» բեմադրելու համար, նա պատասխանեց, որ խորեգրաֆների հետ կհանդիպի միայն դատարանում, քանի որ նրանք ամբողջովին փոխում են իր ստեղծագործությունները: Սակայն ի վերջ համաձայնեց հանդիպել և օգնել ինձ»:

Այդ օրերին առաջին անգամ էր Կովկասում, ու Հայաստանն իր համար նոր և հետաքրքիր աշխարհ էր: Այժմ մեր երկիր է ժամանել մեկ այլ առիթով՝ «Աննա Կարենինա» բաելտը հայ հանրությանը ներկայացնելու. «Այս բալետը մենք ցուցադրել ենք աշխարհի բազմաթիվ քաղաքներում ՝ Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Եվրոպայի և Ասիայի շատ երկրներում և, վերջապես, մենք հնարավորություն ստացանք այն ներկայացնելու նաև Երևանում: Հուսով եմ,որ հանդիսատեսը, որը ծանոթ է բալետային արվեստին և նրա վարպետներին, կգնահատի մեր աշխատանքը»:

Էյֆմանը խոստովանեց, որ իրեն առավել մոտ է ողբերգության ժանրը. «Մայրս ասում է, որ նույնիսկ նամակները, որոնք ես իրեն գրում էի, երբ հեռու էի, այնքան ողբերգական երանգ ունեին, որ իրեն թվում էր, թե ինձ հետ որևէ վատ բան է պատահել»: Մտաբերեց Տոլստոյի խոսքերը. «Բոլոր երջանիկ ընտանիքները նման են միմյանց, յուրաքանչյուր դժբախտ ընտանիք՝ դժբախտ է յուրովի»: Ասում է՝ Աննա Կարենինան իրեն գրավեց հենց անձնական ողբերգությամբ. « «Աննա Կարենինայում» ևս ինձ գրավեց ողբերգությունը. Կին, որ իր կրքի գերին է: Դա է նրա դժբախտությունը»:

Անդրադառնալով իր բեմադրություններում երաժշտության ընտրությանը, բալետմեյստերը նշեց. «Առհասարակ ես սիրում եմ Չայկովսկու ստեղծագործությունները և «Աննա Կարենինայում» ևս նրա երաժշտությունն եմ օգտագործել: Երբեմն եղել են դեպքեր, երբ պատվիրել եմ երաժշտությունը, աշխատել եմ կոմպոզիտորի հետ, սակայն ի վերջո այն չի համապատասխանել բեմադրությանը: Դա է պատճառը, որ աշխատում եմ վերցնել հենց բալետի համար նախատեսված ստեղծագործություններ»:

Բորիս Էյֆմանը Ռուսաստանի պետական «Ոսկե դիմակ» և «Ոսկե սոֆիտ» մրցանակների դափնեկիր և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ, 3-րդ ու 2-րդ աստիճանի շքանշանակիր է: Նրա պարային արվեստի յուրահատկությունը բոլոր բեմականացումների գրական հիմքն է:  Մի քանի տարի անց ժողովրդական արտիստը մտադիր է հիմնել սեփական թատրոնը՝ «Պարի պալատը»:

Այսօր երեկոյան երևանյան հանդիսատեսը հնարավորություն ունի ներկա գտնվել «Աննա Կարենինա» բաելտի 2-րդ համերգային օրվան:

Լառա Հակոբյան