ԲՋՆԻԻ ԱՄՐՈՑԻ ԳԱՂՏՆՈՒՂՈՒ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԸ

Bjnii-amroc
  2006 թվականից Բջնիի ամրոցում սկսվել են վերականգնման աշխատանքներ և մինչ օրս էլ դրանք շարունակվում են: Գործընթացն ընդհատվել է միայն 2009-2010թթ.-ին:
    Վերջերս ամրոց էր այցելել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Լրագրողները նույնպես շրջայց են կատարել ամրոցում և վերականգնումից հետո առաջինն են բարձրացել գաղտնուղիով:
    «Գաղտնուղու հատվածը հողով ու քարակույտերով էր լցված: Երկու տարվա ընթացքում մաքրել ենք, աստիճաններն ենք վերականգնել, պատերն ենք ամրակայել պաշտպանության նպատակով»,- նշում է ՀՀ մշակույթի նախարարության «Հուշարձանների վերականգնում, նորոգում և ամրակայում» պետական ծրագրի պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանման ղեկավար Ստեփան Ղազարյանը:
    Bjnii amroc1Նա պատմում է, որ գաղտնուղին ծառայել է ջրամբարից ջուր տանելու համար. «Վնասվել է երկրաշարժի պատճառով, ասում են՝ նաև պայթեցրել են պատերազմի ժամանակ»:
   2006 թ.-ից մինչ օրս ամրոցի վերականգնման աշխատանքների վրա ծախսվել է 100-120 մլն դրամ:
   «Ամրոցի տարածքում գտնվող պալատական կառույցը, եկեղեցու հիմքերը և ջրամբարը ամրակայված են, պարսպագոտու ամրակայման հիմնական աշխատանքների համար կպահանջվի ևս երկու-երեք տարի»,- ասաց Ստեփան Ղազարյանը:
 
    Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Հիշատակվում է վաղ միջնադարից: Պահլավունի իշխանները X դ. վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ:
    Ամրոցը գյուղը բաժանում է երկու մասի (Մեծ Բջնի և Փոքր Բջնի): Հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից ամրոցը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որի երկարությունը հասնում է 120 մ: Մուտքը հյուսիսային կողմից է: Ամբողջ բերդատարածքը բաժանված է Մեծ և Փոքր մասերի, որոնք իրարից անջատվել են պարսպաշղթայով: Բերդատարածքը խիտ կառուցապատված է եղել: Այստեղ նշմարելի են բազմաթիվ շինությունների ավերակներ ու հետքեր: Մեծ ամրոցում է գտնվել բազալտե քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված թաղածածկ ջրամբարը: Իսկ Փոքր կամ Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝ պարսպաշղթայի մոտ, կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղին: Բերդը ավերվել և ամայացել է XVI-XVII դդ.:
     1977-1978 թթ., Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի արշավախումբը Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ այստեղ պեղումներ է կատարել, որոնց շնորհիվ բացվել են IX-X դդ. կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը, երկու դահլիճներից բաղկացած, թաղակապ պալատական շենքը, վաղմիջնադարյան եկեղեցու մանրամասեր, բնակելի տներ, ջրամբարը, գաղտնուղին:
     2007-2008 թթ-ից սկսվել են ամրոցի պարիսպների վերականգնման և ամրակայման, ինչպես նաև տարածքի պեղումների աշխատանքները:
Աննա Կարապետյան