ԲԵՄՈՒՄ «ՀԱՅԱՍԱ» ՖՈԼԿ ԲԵՆԴՆ Է

hayasa-bend
Հուլիսի 6-ին «Երևան» համերգասրահում տեղի ունեցավ «Հայասա» ֆոլկ բենդի համերգը։ Հնչեցին ազգային երգեր, հեղինակային կատարումներ, որոնք բենդի գոյության երկու տարիների ընթացքում հասցրել են սիրվել:

Սկզբում խումբը ելույթ է ունեցել որպես ֆոլկ-ջազ բենդ, որի կազմում էին Յուրի Բախշյանի անվան մանկական պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Ստեփան Գևորգյան) 10 երաժիշտներ։ Այնուհետև խումբը վերակազմավորվել է որպես ֆոլկ բենդ։

Ներկայում «Հայասայի» կազմում են կիթառահար վոկալիստներ Գայանե Ավդալյանը, Երվանդ Սարիբեկյանը, ֆլեյտահար Մանանա Խանարյանը և դաշնակահար Արման Ասատրյանը, որը շրջագայության պատճառով բացակայում էր համերգից։

Cultural.am-ի հետ զրույցում Գայանե Ավդալյանն ասաց, որ բենդի անվանումը  որոշվել է հինգ-վեց տարի առաջ՝ ֆոլկ-ջազ բենդի առաջին համերգից րոպեներ առաջ․ «Հայասա՝ ասա հայ, և Հայասա՝ որպես Հայաստանի առաջին անվանում (հնագույն հայկական պետական կազմավորում - հեղ.)։ Հիմա անվանումն ինձ այնքան հարազատ է դարձել, որ մտածում եմ՝ միգուցե կա դրա հետ կապված խորը պատմություն, որ չենք կարողանում պատմել»։

Բենդը ելույթ է ունեցել ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում, Արցախում։ Կիթառահար, վոկալիստ Երվանդ Սարիբեկյանի համար ամենատպավորիչը անցած տարվա մայիսին «Լավ էլի» բենդի հետ համատեղ բարեգործական համերգն էր Վանաձորում։

Երվանդը մասնագիտությամբ ծրագրավորող է։ Սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետում։ Ասում է՝ և ծրագրավորմամբ, և երաժշտությամբ զբաղվելիս ոգևորությունը նույնն է։

«Հայասայի» անդամները երգերի մշակումներ չեն անում, բայց մեր ազգային երգերը ներկայացնում են նոր գործիքավորմամբ։ Այս համերգին նրանք ներկայացրին նաև Կոմիտասի մշակումները։

«Միշտ վախեցել եմ մոտենալ Կոմիտասին։ Առաջին քայլն արված է։ Ռիսկային էր, քանի որ ազգայինը ներկայացնելու էինք ոչ ժողովրդական գործիքներով։ Արձագանքները դեռ կլսենք»,- նշում է բենդի վոկալիստ Գայանե Ավդալյանը։

Աննա Կարապետյան
Լուսանկարը՝ Գայանե Ենոքյանի