«ԲԱՐԻ ԼՈՒՅՍ»․ ՀԱՅԱՑՔ ԴԵՊԻ ՄԵԶ

Anna-Arevshatyan
Իզուր է անընդհատ ոտքերի տակ նայելով ապրելը։ Մեկ-մեկ էլ պետք է երկնքին նայել։
Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմից

    Լրագրող Արշակը ցանկանում է իր մասնագիտական հմտություններն ու կարողությունները ծառայեցնել մարդկանց, հասարակ ժողովրդին, բայց հեռուստաընկերության ստրկացած վարչակազմը լրագրողի առաջ խնդիր է դնում՝ ծառայել իշխանությանը կամ հեռանալ։ Արշակը չի դավաճանում իր սկզբունքներին ու մասնագիտությանը և դուրս է գալիս աշխատանքից։
    Նոր աշխատանք գտնելը հեշտ չէ, առանց աշխատանքի ընտանիքի հոգսերը հոգալը՝ անհնար։ Ի՞նչ անել, արտագաղթե՞լ այն հայրենիքից, որի սահմանները հայրդ է պաշտպանել։
    «Գնալն ավելի հեշտ ա, քան պապային ասելը»,- մտածում է հերոսն ու ընտանիքի հետ ուղևորվում սահմանային Չինարի գյուղ, որտեղ ապրում են իր ծնողները։
    Ռեժիսոր Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմը պատմություն է ոչ միայն Արշակի, այլև մեզանից յուրաքանչյուրի մասին։ Ֆիլմըսկսվում է Սումգայիթյան ջարդերի մասին հիշատակմամբ, այնուհետև Արշակի կերպարի միջոցով ներկայացվում է երկու իրականություն՝ կյանքը Արցախյան պատերազմի օրերին և պատերազմից հետո։ Մանկության հիշողությունները զուգակցվում են ներկա իրադրության հետ, հաճախ նաև դառնում որոշումների փոփոխության պատճառ։
    «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Բարի լույս» ֆիլմի պրեմիերան։ Դահլիճի մուտքի մոտ դրված էր «Հիշիր, եթե մոռացել ես, իմացիր, եթե չգիտեիր» գրությամբ պաստառ, կողքին 250 գրամանոց մատնաքաշեր։ 90-ականների հացի հերթերը, մութ ու ցուրտ օրերը ևս ֆիլմի մաս են դարձել։
    Ահա փոքրիկ Արշակը բազմամարդ հացի հերթում, ահա նա տանից շտապ դուրս է գալիս․հացի կտրոնն է մոռացել, չլինի՞ սիրահարված է։ Մի օր էլ նամակ կգրի ու կմակագրի՝ «քեզ սիրող տղամարդուց»։ Տարիներ հետո Արշակը պիտի հանդիպի սիրած աղջկան, ով պահպանել է իր սիրային նամակը։
    «Բարի լույսը» ցույց է տալիս, թե պատերազմի օրերին, ծանր սոցիալական պայմաններում ինչպես են պահպանվում պարզ, մարդկային հարաբերությունները, ծնվում է սեր և ապրում է այն հույսը, որ պատերազմից հետո լուսավոր օրեր են գալու։ Եվ չնայած ներկա օրերը սպասվածի չափ լուսավոր չեն, Արշակի 5-ամյա որդին պիտի լեգոյով տուն կառուցի, պապի հետ Արտամետի խնձոր տնկի Չինարիում և սովորի չվախենալ։
    «Մարդիկ հոգնել են ծանր հիշողություններից, բայց հիշելը կարևոր է։ Չի կարելի մոռանալ։ Պետք է անցյալի լավը վերցնել, վատից սովորել։ Առանց դրա առաջ գնալ չենք կարող»,- ասում է ֆիլմի ռեժիսորը։
    «Բարի լույսը» Աննա Արևշատյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է: Այն ներկայացված է «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» ծրագրում։

Աննա Կարապետյան