Բարքեմփը Գյումրի քաղաքի լիարժեք անդամ

barcamp_gyumry_2013
    Սեպտեմբերի 28-29-ը Գյումրիում արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ «Բարքեմփ Գյումրի 2013» ոչ ֆորմալ կոնֆերանսը կամ ինչպես երբեմն անվանում են՝ չկոնֆերանսը: Այս տարի այն կրում էր «Մշակույթ և տեխնոլոգիաներ» խորագիրը՝ պայմանավորված Գյումրիի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակմամբ. «Բարքեմփն ինքնին արդեն ձևավորված մշակույթ է, մարդկանց հետ աշխատելու ձևաչափ: Այստեղ գալիս են քննարկելու և սովորելու: Ամենակարևորը կիսվելու, ծանոթանալու էներգետիկան է, որը կա բարքեմփականների մեջ»,- ասաց նախագծի կազմակերպչական թիմի անդամ Տիգրան Պետրոսյանը և ավելացրեց, որ դատելով արդյունքերից` Բաքեմփը Գյումրիում կայացել է, և այն կարելի է համարել Գյումրի քաղաքի լիարժեք անդամ:
barcamp    Չկոնֆերանսն ընթանում էր զուգահեռ դահլիճներում, մասնակիցները մի դահլիճից մյուսն էին անցնում՝ լսելու իրենց առավել հետաքրքրող զեկուցումը: Զեկուցումները բազմաբնույթ էին և ընդգրկում էին մշակույթին և տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող տարբեր ոլորտներ ու թեմաներ: Այսպես, Երևանի պատմության թանգարանի աժխատակցուհի Սեդա Հակոբյանը ներկայացնում էր «Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաները որպես թանգարանային հաղորդակցման միջոց» թեման: Նա  թանգարանում աշխատում է արդեն երեք տարի և այդ ընթացքում հասցրել է սիրել ու կապվել թանգարանին, նրան մտահոգում են թանգարանին վերաբերող բոլոր խնդիրները և ունի սեփական պատկերացումները, թե ինչ քայլեր է հարկավոր նախաձեռնել՝ թանգարանի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու համար: «Թանգարանը պետք է դառնա ավելի ճկուն համակարգ, ինչի համար պետք է ստեղծել նոր իմիջ»,- գտնում է նա:
barcamp-    Նշենք, որ Բարքեմփն այս տարի զգալի աճ էր գրանցել. մասնակիցները թիվը նախորդ տարվա 120-ից հասել էր 250-ի, ընդլայնվել էր նաև չկոնֆերանսի աշխարհագրությունը. մասնակիցիներ կային Երևանից, Աբովյանից, Արմավիրից և այլ քաղաքներից: «Քանի որ նախորդ տարի առաջինն էր, տեխնիկական հարցերին շատ ուշադրություն չէինք դարձնում, ավելի կարևոր էր Գյումրիում նույնպես Բարքեմփ ունենալ, իսկ այս տարի փորձել ենք լուծել նաև տեխնիկական շատ հարցեր»,- ասաց «Բարքեմփ Գյումրի» նախագծի համակարգող Կարեն Տերտերյանը և հավելեց, որ Բարքեմփը Գյումրի բերելու գլխավոր նպատակը Գյումրու երիտասարդներին վարակելն է, «թասիբի գցելը»: Տերտերյանի խոսքով քաղաքն ունի ամբիցիաներ, որոնք պետք է բավարարել, իսկ ինչ վերաբերում է ՏՏ ոլորտին, ապա Գյումրիում այն զարգացնել լիովին հնարավոր է:
Աննա Կարապետյան