Բացառության կարգով

131047

    Վաղուց այսպիսի «փափուկ» բանավեճի չէի առնչվել` առանց վիրավորանքների, առանց հին ու նոր մեղքեր հիշատակելու և վկայակոչելու… Ես սա ուրախությամբ արձանագրում եմ, որովհետև հենց այս պահին զուգահեռ ընթանում է մեկ այլ բանավեճ, որը ոտից գլուխ ողողված է վերը նշածս բարիքներով: Խոսքը Մոսկվայում լույս ընծայված գրքերի շուրջ ծավալված «խոսակցության» մասին է, որը չեմ կասկածում, դեռ շատ ջուր է քաշելու, որովհետև սրանք անկախության շրջանում Ռուսաստանում հրատարակված և հայ գրականությանն առնչվող ոչ առաջին և ոչ էլ վերջին գրքերն են, որոնք հարստացնում են «խոտան» մատենաշարը: Եվ ինչն է զարմանալին ու ցավալին, կարծում եմ, որ շատերն են այսօր կասկածանքով ու անվստահությամբ վերաբերում ռուսաստանյան և մասնավորապես մոսկովյան հրատարակություններին, որոնք, գաղափարախոսական աստառը մի կողմ թողնենք, անցյալում աչքի են ընկել նյութի խորն իմացությամբ, գիտական հավաստիությամբ, հեղինակների ճշգրիտ ընտրությամբ…

    Սակայն վերադառնանք մեր այսօրվա նյութին, ինչը վերաբերում է «Համազգային», այլ կերպ ասած և ժողովրդի մեջ առավել տարածված` Սոս Սարգսյանի թատրոնի շենքի որտեղ կառուցելուն: Տասնյակ, եթե ոչ ավելի հոդվածներ, կլոր սեղաններ, հարցազրույցներ եմ կարդացել, որոնց հեղինակները տարբեր խորությամբ ու մոտեցումներով փորձում են մեզ համոզել իրենց ճշմարտացիության մեջ: Ո՞ւմ հավատալ` Նարեկ Սարգսյանին ու նրա համախոհներին, որոնք գտնում են, որ Չարենցի Տուն թանգարանի և «Սթար» հանրախանութի մոտերքում է պետք կառուցել թատրոնի շենքը, թե՞ Գուրգեն Մուշեղյանին, ու նրա համախոհներին, որոնք կտրականապես դեմ են այդ ծրագրին… Վատն այն է, որ թե Ն. Սարգսյանը և թե Գ. Մուշեղյանը խիստ համոզիչ են իրենց փաստարկներով: Համոզիչը համոզիչ, սակայն ամենահամոզիչն, ինչ խոսք հենց ինքը Սոս Սարգսյանն է, որը եթե նույնիսկ սխալվում է տեղի ընտրության հարցում, ապա այդ սխալն ավելի արժեքավոր է ինձ ու շատերի համար, քան թե մյուսների հավաստի փաստարկները: Եվ հետո, այս խոսակցությունները, չնայած իրենց բարեկիրթ տոնին և նյութի խորիմացությանը, կարող են շատ երկարել և այդ ընթացքում տնվորի ու կենվորի կարգավիճակում հայտնված թատրոնի կոլեկտիվը կարող է հուսալքվել, իսկ ծրագրերը` խամրել… Ի վերջո, մենք այդպես դառնացնում ենք մեծատաղանդ դերասանին ու բեմադրիչ ռեժիսորին, որը վերջերս ապացուցեց, որ նաև շատ տաղանդավոր գրող է… Մնում է, որ գոնե մի անգամ, բացառության կարգով, ցույց տանք, որ սիրով ու պատկառանքով ենք վերաբերում մեր տաղանդավոր մարդկանց…նրանց կենդանության օրոք:
                                                                                                              Հովհաննես Գրիգորյան