ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ ՀՆԱՎԱՅՐԸ

pexumner-2
 «2013թ․-ին ճարտարապետական հանձնաժողովը որոշեց, որ Երևան քաղաքը շրջանցելու համար ամենից նպատակահարմարը Արգավանդ-Շիրակ ճանապարհն է։ Եվրասիական բանկի պնդմամբ որոշվեց հայտարարել տենդեր՝ տարածքը հետազոտելու և հիմնավորելու համար, որ այդտեղ ոչինչ չկա։ Ամբողջ տարածքը ծածկված էր երկու-երեք մետրանոց շինարարական աղբով, և որևէ մեկը չէր պատկերացնում, որ այդ աղբաշերտի տակ մեզ համար անգնահատելի գանձեր են անթեղված»,- Կարմիր բլուր հնավայրի պեղումների նախապատմության մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը։

Հենց Սիմոնյանն է ղեկավարել պեղումներն իրականացնող արշավախումբը։ Այսօր, երբ պեղումներն ավարտվել են, հնագետը փուլ առ փուլ հիշում է կատարված աշխատանքը։

Աղբաշերտը հեռացնելուց հետո գտել են Թեյշեբաինի քաղաքի դամբարանադաշտը։ 2015-16թթ.-ին էլ իրականացրել են սիստեմատիկ պեղումներ։

Պեղումների արդյունքում հայտնաբերվել է 281 դամբարան, որից 30-ում գտնված իրերն արդեն վերականգնվել են։ Գտածոները պատկերացում են տալիս քաղաքի և դրա բնակիչների մասին՝ ինչ մարդիկ են եղել, ինչ հավատալիքներ են ունեցել, ինչ զարդեր և հագուստ են կրել, ինչ զինատեսակներ են գործածել և այլն։

Բազմաթիվ դամբարաններ ուսումնասիրելուց հետո արշավախմբի անդամները հայտնաբերել են մի դամբարան, որն ունի 40 քառ․մետր մակերես։ Դամբարանի զբաղեցրած տարածքը, ինչպես նաև զոհաբերված կենդանիների ոսկորները, թաղման ընծաները, տուֆակերտ կոթողը թույլ են տվել ենթադրել, որ սա փոխարքայի դամբարան է։ Այս դամբարանում գտնվել է նաև կեռ ծայրով բրոնզե մական։ Նման մական ունեին խեթական արքաները, այնուհետև ասորեստանցիներն ու եգիպտական փարավոնները։

Դամբարաններից դուրս են բերել հսկայական մարդաբանական նյութ, որն այժմ պահվում է Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի պահեստարան-սենյակներում։ Կենտրոնի փոխտնօրեն Սիմոնյանի խոսքով՝ իրենց սուղ միջոցներով սկսել են այդ նյութերի աստիճանական մշակումը։

Մշակման, առավել ևս ԴՆԹ և այլ հետազոտությունների համար մեծ գումարներ են անհրաժեշտ։ Անձնական նախաձեռնությամբ և բարերարների օգնությամբ հնագետին հաջողվել է Կոպենհագեն և Բոստոն ուղարկել մոտ 50 ցուցանմուշ։

Հնագետ Հակոբ Սիմոնյանի երազանքն է, որ հնավայրի գտածոները տեղ գտնեն առանձին թանգարանում, այնպես, ինչպես Էրեբունիի կամ Մեծամորի դեպքում։

Աննա Կարապետյան