Ազգային պարերը մեր դիմագիծն են

spyurqahay usxorhurd
    Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը,  նպատակ ունենալով սփյուռքահայ երիտասարդներին մոտեցնել իրենց ազգային արմատներին, նրանց համար կազմակերպեց ազգային պարերի դասընթաց: Սա նրանց համոզմամբ ոչ միայն ազգային ոգի, ուժ ու հպարտություն պետք է փոխանցեր սփյուռքահայ ուսանողներին, այլև հեռու պահեր խնջույքային երգ ու պարը ազգային համարելու թյուր ընկալումից:
       Հայկական ազգային պարարվեստն ունի հազարամյակների պատմություն, այն ձևավորվել է դեռևս նախաքրիստոնեական շրջանում: Եվ բարեբախտաբար, այսօր էլ կան այնպիսի մարդիկ, ովքեր շարունակում են պահպանել և ներկայացնել հայկական ազգագրական պարարվեստը, ինչը ազգային մշակույթի մի կարևոր բաղադրիչն է: 
     Այս գիտակցումով էլ Սփյուռքահայ ուսանողների խորհրդի հոգեբանական ակումբը մեկ ամիս առաջ մեկնարկեց ազգային պարերի դասընթացը: Գլխավոր պարուսույցը «Մարաթուկ» համույթի պարուհի Նաիրուհի Մնացականյանն էր: Սփյուռքահայ երիտասարդները նախքան պարը սովորելը համառոտ ծանոթանում էին պարի ծագումնաբանությանը, իմաստային նշանակությանը, այնուհետև սկսում պարել:
sux    Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ վերջին հանդիպումը, որի ժամանակ երիտասարդները սովորեցին յարխուշտա: Այնուհետև նրանք պարեցին ամբողջ ամսվա ընթացքում սովորած պարերը:
    Պարերի մասնակիցները արդյունավետ են համարում դասընթացը: Այսպես, դասընթացի ակտիվ մասնակիցներից Ռազմիկը այն կարևորում է ոչ միայն ստացած գիտելիքների, սովորած ազգային պարերի, այլև դրանց ընթացքում նոր ընկերներ ձեռք բերելու առումով:
    Վերջում Սփյուռքահայ ուսանողական խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը իր շնորհակալական խոսքը հայտնեց պարուսույցներին՝ իրենց պատրաստակամության, ցուցաբերած աշխատանքի և Հոգեբանական ակումբի այս նախաձեռնությանը սատարելու համար: Նա նաև շնորհակալություն հայտնեց Հոգեբանական ակումբին` նման նախաձեռնության և արդյունավետ աշխատանքի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ ծրագրին աջակցելու համար:
                                                                                                   Անուշիկ Ստամբոլցյան